ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում քննադատության ենթարկեց ոչ միայն գործող կառավարությանն ու իշխանությանը, այլեւ ոչ իշխանական ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին: «…Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ, նենց որ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից պարզեց, թե ինչպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի`ԲՀԿ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին: «Մեղմ ասած անպատասխանատու խոսակցություններ են»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:
Մեր մյուս հարցին` միգուցե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է այս հրահանգը ներքին կարգով իջեցրել, քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ եղել է Լ.Տեր-Պետրոսյան - ԲՀԿ համագործակցությանը, Վահե Էնֆիաջյանը ոչ դրական ոչ էլ բացասական պատասխան տվեց, միայն ասաց. «Ես որեւէ նման բան չեմ մեկնաբանի: Այն մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներով, նրանք եկել էին հանրահավաքի, բանակցություններ էին վարում, որպեսզի միասնական կարողանանք երկիրը դուրս հանել դժվար իրավիճակից: Նիկոլ Փաշինյանին այդտեղ չենք տեսել»:
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով երեկ իր ելույթում խոսում էր ներկայիս կառավարության կողմից ծանր ժառանգություն ստանալու փաստի մասին, այսօր ԱԺ ամբիոնից մի քանի խոսքով հակադարձեց պրն Փաշինյանին` կոչ անելով նրան ուրիշների առաջադրանքները չկատարել: Ի պատասխան մեր հարցադրմանը, ովքեր են այդ ուրիշները, Միքայել Մելքումյանն ասաց, որ որ ԱԺ ամբիոնից ինքն արդեն պատասխանել է. «Պետք է բարեկամաբար նայենք ու առաջ գնանք»:
Սոնա Դավթյան