ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ ԼԻՆԵԼՈՎ` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց. «Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում 2015թ-ի պետբյուջեյի նախագծի քննարկումներից պարզ դարձավ, որ Հայաստանը մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ նույնիսկ հստակ չկան հաշվարկներ հնարավոր տնտեսական օգուտների ու վնասների վերաբերյալ: Սա նշանակում է, որ երկիրը մտնում է տնտեսական միություն՝ նույնիսկ տարրական հաշվարկ չկատարելով»: «Իրավունքը» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց հիմք ընդունելով Լեւոն Դոխոլյանի այդ հայտարարությունը, հնարավո՞ր է ՕԵԿ-ը դեմ քվեարկի Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրին: Տիկին Բիշարյանն ասաց, որ տողերիս հեղինակը սխալ է հասկացել պրն Դոխոլյանի հայտարարությունը: Պարզապես նա խոսում է անդամակցության հնարավոր ռիսկերի մասին ու կատարել տնտեսական այն շեշտադրումները, որոք այսօր առկա են:
- Փաստորեն, ՕԵԿ-ը կո՞ղմ է քվեարկելու Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացմանը:
- Նախ պայմանագիրը թող բերեն քննարկման: Պայմանագիրը դեռ ԱԺ-ի դատին չի հանձնվել: Մենք այդ համագործակցությանը մեծ հաշվով կողմ ենք:
- Եթե պայմանագիրն ԱԺ-ի դատին չի հանձնվել, ինչի՞ց ելնելով է Լեւոն Դոխոլյանը հայտարարել, որ ԵՏՄ-ի մեջ մտնելով մենք ոչինչ չենք շահում:
- Պրն Դոխոլյանը նման բան չի ասել: Ընդամենը խոսել է ռիսկերի եւ այն մասին, թե մեր տնտեսության համար ինչ վիճակներ կառաջանան:
- Լեւոն Դոխոլյանի հայտարարությունը կարելի՞ է ինչ-որ չափով ընկալել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի 2006 թ-ին արված այն հայտարարության շրջանակում, որ Հայաստանի ապագան Ռուսաստան-Բելառուս միության հետ չէ, այլ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի:
- Ձեր հարցադրումը ճշմարտության հետ ոչ մի աղերս չունի:
Հ.Գ. ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարին ստիպված ենք եւս մեկ անգամ հիշեցնել Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, որի պատճառով նա 2006 թ-ին պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի պաշտոնից: 2006 թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտեց պաշտոնական հայեցակարգից տարբերվող մտքեր` նշելով, որ Հայաստանի ապագան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ է: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանը հայտնի է որպես արեւմտամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչ, որի մասին անգամ գրել է ռուս քաղաքագետ Միխայիլ Վորոնինն իր հոդվածներից մեկում: Այնպես որ տիկին Բիշարյան, մեր հարցադրումն այդքան էլ հեռու չէ իրականությունից: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ապագան ԵՄ-ի կազմում տեսնող Արթուր Բաղդասարյանը, ԱԽ քարտուղարի աթոռը զբաղեցնելիս, խոսելով ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության մասին հայտարարեց, որ Հայաստանն առաջնորդվեց իր ազգային շահերով՝ հատկապես անվտանգության շահերից, որում Ռուսաստանը ունի մեծ դերակատարություն: Փաստորեն, ՕԵԿ ղեկավարը կարծես թե սրբագրում է տարիներ առաջ եվրոպամետ իր հայտարարությունը:
Սոնա Դավթյան