«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ «ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» ՊԱՇՏՊԱՆՎԻ»
Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ կլոր սեղան «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» թեմայով, որի մասնակիցներն էին ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐԱ ԿՈՒԶԵՆԿՈՎԱՆ, Ղազախստանի իշխող «Նոր օտան» կուսակցության հրապարակային քաղաքականության ինստիտուի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ եւ Բելառուսի հանրապետությունից` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված քաղաքագետ ԼԵՎ ԿՐԻՍՏԱԿՈՎԻՉԸ, իսկ Հայաստանի տեսակետները ներկայացրեցին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ ոլորտին լավագույնս տիրապետող այլ վերլուծաբաններ ու փորձագետներ: Ամփոփելով բավական ծավալուն քննարկումները ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ` «Իրավունքի» հետ զրույցում Գ. Հարությունյանը խոսելով կլոր սեղանի արդյունքների մասին, նշեց. « Սա հերթական հավաքն էր Եվրասիական միության երկրների անալիտիկ վերլուծական կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ ես կառանձնացնեի երեք ուղղություն. Առաջինը դա հենց բուն վերլուծական կառույցների համագործակցության խնդիրն է, որը բարձրացրեց Թամարա Կուզենկովան, ինչը խիստ կարեւորում եմ, որովհետեւ կարող է առիթ տալ, այսպես ասած, էներգետիկ էֆեկտի: Չէ՞ որ ընդհանուր առմամբ ռեսուրսները շատ-շատ չեն եւ այս միավորումը, համագործակցությունը կարեւոր է, որ տա արդյունքներ: Եվ երկրորդ` ես կառանձնացնեի Բելառուսի մեր գործընկերոջ ելույթը, որտեղ խոսվեց, փաստորեն, այն մասին, որ սեփական երկրի եւ սեփական ժողովրդի պատմությունը մեծ արժեք է եւ խիստ կարեւոր նաեւ ազգային անվտանգության տեսակետից: Դա շատ մոտ է իմ աշխարհահայացքին , որովհետեւ ես նույնպես համարում եմ, որ պատմությունը կրիտիկական ոլորտ է, որը պետք է ազգային անվտանգության «լեզվաբանությամբ» պաշտպանվի: Այդ առումով ձեր ուշադրությունն եմ հրավիրում Երկրորդ Հանրապետության կարեւորությունը մեր պատմության խնդիրներում,որը երբեմն անտեսվում է, ինչն, ըստ իս, այդքան էլ նպատակահարմար չէ: Իսկ երրորդ` ավանդական ուղղությունը, որը կկարեւորեմ, այն է, որ մեր ղազախ գործընկերը նշեց տնտեսական համագործակցության խնդիրների մասին` բարձր տեխնալոգիաների տեսանկյունից: Սա մենք համարում ենք, որ պետք է լինի Հայաստանի ընդհանրապես զարգացման ռազմավարության հիմքը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ. – Եվրասիական միության անդամ երկրների ներկայացուցիչների հետ «Իրավունքի» բացառիկ հարցազրույցները կարդացե՛ք թերթի առաջիկա տպագիր համարներում: