ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Image may be NSFW.
Clik here to view.ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունքը պարզեց` ՀՀ կառավարությունը քառյակի 12 կետերից որին պետք է առաջնահերթություն տա եւ նորից դրանք ուսումնասիրի, ինչպես օրեր առաջ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «12 կետերից յուրաքանչյուրն էլ հրատապ է ւու առաջնահերթ, բայց ավելի կարեւոր է դրանց լուծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ մշակել»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ պատգամավորը, այդուհանդերձ, 12 կետերից մի քանիսն առանձնացրեց, որոնց վրա պետք է ուշադություն դարձնի կառավարությունը: Խոսքը վերաբերում է Նաիրիտի հարցին, կուտակայինին, քննարկումներ ծավալել շրջանառության հարկի մասին, «Որոտան» ՀԷԿ-ի խնդրին անդրադառնալ, հատկապես, որ կառավարությունն ունի այս հարցի հետ կապված առարկություններ: «Ցանկալի կլինի, եթե կառավարությունը ներկայացնի իր առարկությունները»,- ասաց պատգամավորը, ապա թվարկեց 12 կետերից եւս մի քանիսը, որոնց վրա կառավարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի.«Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդիաների միավորման ու մեծացման խնդիր պետք է ձեւակերպի գործադիրը, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին ու առաջ է գալիս գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության հարց»:
Մի քանի օր առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ի պատասխան այն հարցին, թե 12 կետերի վերաբերյալ նախագահի հայտարարությանը «եռյակը» կարձագանքի՞, թե՞ ոչ, Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, «եռյակով», ավելի ճիշտ «քառյակով» կքննարկեն Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը:
ՀՅԴ պատգամավորից պարզեցինք` հնարավո՞ր է «քառյակով» քննարկեն Ս. Սարգսյանի հայտարարությունն ու հրապարակավ արձագանքեն, Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նման բան չի լինի: «Բայց մենք պահանջատեր ենք մեզ համարում 12 կետերի կատարման համար, որի ապացույցը իմ կողմից բարձրաձայնված հարցերն են: Այլ կերպ ասած` մենք հույժ անհրաժեշտություն չենք տեսնում հավաքվել, արձագանքել նախագահի հայտարարությանը, քանի որ նա շատ հստակ ասաց, որ կառավարությունը պետք է նորից անդրադառնա այդ 12 կետերին: Հիմա հերթը ոչ թե «քառյակինն» է, այլ կառավարությանը: Եթե առկա խնդիրները լուծելու հարթության վրա ենք դնում , ոչ թե քաղաքական շոուներ իրականացնելու, ապա հույժ անհրաժեշտություն չկա հայտարարություններ անել »,-եզրափակեց պատգամավորը:
Սոնա Դավթյան