ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆիկոլ Փաշինյանի տապալված առաջարկը` լրագրողների մոտ կոստյումները հանելու, մինչդեռ ինքը, ի դեպ, եւս խուսափել էր իր առաջարկը իրականացնելուց եւ մինչ օրս հրաժարվում է պատասխանել իր թանկարժեք կոստյումների, ավտոմեքենայի եւ տան վերաբերյալ հարցերին, երեկ Ազգային ժողովում կոկորդ էր պատռում 2015 թվականի բյուջեի մասին: Նա, հավանաբար, նյարդայնացած է, որ Ազգային ժողովում իր կողմից առաջարկած` կոստյումներ հանելու ֆլեշ-մոբը չիրականացավ, ուստի սկսեց ղժղժալ, սպառնալ, մատ թափահարել, հիստերիկանալ ԱԺ ամբիոնից: Այս ամենի հետ մեկտեղ, նա քննադատեց ոչ միայն կառավարությանը, այլեւ ԲՀԿ-ին, որին մեղադրեց իշխանությունների հետ համագործակցության, ինչպես նաեւ երկիրը այս վիճակին հասցնելու համար. "Թող ԲՀԿ-ն իր մասին մտածի, ոչ թե իշխող կառավարության": Ի դեպ, ԲՀԿ-ի դեմ Նիկոլի արշավը սրվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց միտինգային քաղաքականությունից` դրանով անելանելի, հիմար վիճակի մեջ դնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու թեեւ Նիկոլը էն գլխից դեմ էր Տեր-Պետրոսյան-ԲՀԿ համագործակցությանը, չի բացառվում, որ այժմ ԲՀԿ-ին մեղադրանքներ ներկայացնելը եւ ԲՀԿ-ի ծանր մանկությունը հիշեցնելը Նիկոլին թելադրված լինի Տեր-Պետրոսյանի կողմից, որը ամեն կերպ ԲՀԿ-ին ցանկանում է վերադարձնել փողոցային ակցիաների դաշտ: Համենայն դեպս, մինչ իր այսօրվա ելույթը, Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում ԲՀԿ-ի գլխին պոպոկ ջարդելուց:
Ինչեւէ, Փաշինյանը ուղղակի տեքստով կառավարության բոլոր անդամներին անվանեց կոռուպցիոներներ, իսկ կառավարության գործունեությունը` կոռուպցիոն ստրիպտիզ, որից գրգռվում է ժողովուրդը: Գուցե դրանից հետո կառավարության որոշ անդամներ պատիվ պահանջեն Նիկոլից դատարանում, սակայն ավելի հավանական է, որ գործը դրան չհասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց վերածվում է նախորդ խորհրդարանների Արշակ Սադոյանի, որի մշտական եւ անառարկայական ղժղժոցը առանձնապես լուրջ չէր ընդունվում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ