ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ "ԵՌՅԱԿԻ" ԽՈՍՔԻՆ"Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ "հրովարտակ է արձակել": Այն մասնավորապես հստակ հաղորդագրություն էր ոչ իշխանական "եռյակի" անդամ մյուս երկու ուժերին` ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, որոնց առաջարկվում է սույն փաստաթղթի պաշտոնական ընդունում ու ստորագրում, որպեսզի "Ժառանգությունը" բարաթ ունենա` ընդդեմ իր վերոնշյալ գործընկերների եւ վաղը-մյուս օրը չմնա միայնակ ու անօգնական: Ր. Հովհաննիսյանի հռչակագրի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց. "Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը միտված է հետեւյալին, որ այն, ինչ անում ենք, պետք է ամրագրենք փաստաթղթով, եւ դա դառնա "եռյակի" միասնական ծրագիր: Ըստ էության, Ր. Հովհաննիսյանն ասում է, որ ճիշտ կլինի յուրաքանչյուր ձեւակերպում կամ յուրաքանչյուր գործընթաց, որ պետք է տեղի ունենա, լինի "եռյակի" միասնական ծրագրում, ոչ թե առանձին-առանձին յուրաքանչյուր քաղաքական ուժ ղեկավարվի, չպայմանավորված ինչ-որ երեւույթների մասին խոսի, այնուհետեւ դրա շուրջ նոր "եռյակը" քննարկում կազմակերպի: Կան խոսքեր եւ մոտեցումներ ճշմարիտ, բայց, ի վերջո, դրանք պետք է փաստաթղթավորվեն": "Իրավունքի" այն հարցին, թե ինչպե՞ս է վարվելու "Ժառանգությունը", երբ այդ փաստաթղթավորված ծրագրում տեղ չգտնի ՀՀ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հարցում "եռյակի" միասնական դիրքորոշումը, պարոն Հակոբյանն ի պատասխան խոսեց հռչակագրի բացառությունների մասին. "Իսկ երբեւէ Դուք լսե՞լ եք, որ "եռյակը" հայտարարել է, թե միասնական որոշում կարող է ունենալ` ԵՏՄ-ի հետ կապված: Այս հռչակագիրը բացառապես վերաբերում է ներքին կյանքին, ներքին խոհանոցին, ներքին քաղաքականությանը":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ