ԲՀԿ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ ՉԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸԲյուջեի հարցով ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից` պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ անդրադարձավ մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը: Մելքումյանը կոչ արեց Նիկոլին` չլինել ընդդիմության ընդդիմություն. "Երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություններ անելուն, պրոբլեմները լուծելուն, պարոն Փաշինյան, չեմ գտնում ճիշտ, որ Դուք Ձեր առաջ առաջադրանք եք դրել կամ էլ ձեր առաջ են առաջադրանք դրել, որպեսզի հարվածեք եւ փոշիացնեք միջավայրը զուլալ դարձնելու մեր գործընթացին: Սա ես, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում: Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով եւ այդ ճանապարհին որեւէ բան չենք բացառում: Չկան մշտական թշնամիներ, եւ չկան մշտական բարեկամներ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ընդհանուր շահեր ունենք ու պետք է խոսենք մեր ընդհանուր շահերի մասին: Եկեք վեր կանգնենք, մեծահոգի լինենք… Եթե առիթ է լինում կյանքում, շատ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվում եք, ուրեմն` տեսնում եք, որ նրանք ամենահասարակ մարդիկ են: Եվ պետք չէ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ ընդունել, մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից": Դրանով նա ըստ էության նշեց, որ ԲՀԿ-ն չի նախատեսում մշտապես սրված հարաբերություններ ունենալ գործող իշխանությունների հետ եւ մշտապես ֆինանսավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Պետք է առանձնահատուկ նշել, որ անցած քառօրյայի ընթացքում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ն կտրուկ փոխել է իր մինչ այդ սուր ընդդիմադիր կեցվածքը, ոչ մի անգամ չի բարձրացրել իշխանափոխության հարցը, դրա փոխարեն խոսում էր բարեփոխումների անհրաժեշտության մասին, կոչ էր անում բոլորին մեծահոգի լինել եւ բարեկամաբար քննարկել բոլոր խնդիրները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ