ՆԱԽԿԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՏՄ-ԻՆ
«Ժառանգության» նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի`ԵՏՄ անդամակցությունը անշրջելի չէ, բայց դա ճիշտ որոշում է: «Հայ ժողովրդի դերակատարությունը կայսրությունների մեջ եղել է շատ բարձր ու պահանջված: Ի դեմս ԵՏՄ-ի`ձեւավորվում է նոր կայսրություն»,- ասաց նախկին նախկին ժառանգականը:
Նախկին պատգամավորի խոսքով` Հայաստանը կորցրել է իր գիտական դպրոցները, կրթական համակարգի մի հատվածը, մշակութային շերտը, վերարտադրությունն էլ դժվար է կայանում: Այս խնդիրներն ինչ-որ կերպ լուծելու համար անհրաժեշտ է պատվերի գոնե մասնակի վերադարձ: Ընդ որում` պատվեր դրսից:
- Կարծիք կա, որ Հաաստանն անդամակցում է ԵՏՄ-ին աղքատ բարեկամի կարգավիճակով:
- Աղքատ եւ հարուստ բարեկամ այս դեպքում գոյություն չունի: Գոյություն ունի կայսերապետության շահերը սպասարկելու ունակ այս կամ այն չափով էթնիկական բազմություններ:
- ԵՏՄ-ի անդամակցությունը չընդունողներին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ անվանեց ջղաձգվողներ...
- Չէ, համաձայն չեմ: Յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը:
- ՀԱԿ առաջնորդի վերլուծության համաձայն, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինքնիշխանության կորուստն ավելի մեծ կլիներ, քան ԵՏՄ-ին անդամակցելի՞ս:
- Ես կարծում եմ, որ եվրոպական ազգային պետությունների հետ մեր հարաբերությունները միշտ բարդ են լինելու: Ես չեմ տեսել այն դրականը, որը պետք է երեւար ասոցացման պայմանագիրը ստորագրող Թունիսի, Եգիպտոսի դեպքում:Ասոցացման համաձայնագիրը որեւէ դրական ձեւով չի անդրադարձել նրանց վրա: Ես կարծում եմ, որ Եվրոպան այսօր հոգնել է ընդունել տնտեսական խնդիրներ ունեցող երկրներին:
Սոնա Դավթյան