ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ
ՁԵՎԱՉԱՓ ՕԵԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այս շաբաթ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծ, որը ձայների մեծամասնությամբ չընդունվեց, իսկ մինչ խորհրդարան այն բերվելն էլ արժանացել էր ոչ դրական եզրակացության: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից «Իրավունքը» պարզեց` ի վերջո, ինչն է միավորում «եռյակին», եթե ԵՏՄ-ի անդամակցության, Արցախի անկախության ճանաչման, իշխանափոխություն իրականացնելու մեթոդների հանրահավաքներ կամ համաժողովրդական շտաբների ձեւավորում միասնականություն չկա: Թեւան Պողոսյանը նորից հիշեցրեց 12 կետերը, որոնք այսօր հետաքրքիր են հանրության համար, եվ եթե դրանց լուծումները գտնվեն, առաջ կգնանք: «Սրան զուգահեռ քառյակի ամեն մի ուժ ասել է, որ ունի զարգացման իր տեսլականը, իր նախընտրական ծրագիրը, պատկերացումները»,- ասաց պրն Պողոսյանը:
- Փաստորեն, Դուք շարունակում եք պնդել, որ 12 կետե՞րն են միավորում եռյակին:
- Ոչ թե միավորում են 12 կետերը, այլ միավորում է այն, որ կան հարցեր, որոնց վրա հնարավոր է միասնական տեսակետ ձեւավորել եւ հասնել դրանց իրականացմանը: Մենք ամենասկզբից ասել ենք, որ քառյակը մի համագործակցություն է, որը ոչ զագսով անցնելն է, ոչ էլ որդեգրման խնդիրներն են: Չի բացառվում, որ մոտ ապագայում նախաձեռնությամբ հանդես գանք, որին կմիանա նաեւ ՕԵԿ-ը: Խոսքը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուն ապագա ընտրությունների համար: Այդ ժամանակ էլ ասելու եք, թե ինչու չորսով միացաք, սա ինչ նոր մոտեցում է: Ինտրիգներ փնտրելու տեղը հասկացեք, որ հասարակությանը մտահոգող հարցեր կան, որոնք պետք է լուծեք: Բայց կան նաեւ հարցեր, որոնց դեպքում էլ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը:
- Բայց «եռյակին» միավորող հարցերն ավելի քիչ են, քան...
- Եթե անգամ մեկ կամ կես հարց կա, պետք է միասնական անել: Ինչու եք վախենում միասնությունից:Էնքան միասնական չեք եղել, միասնություն բառը լսում-վախենում եք: Դրական մեսիջ տվեք ցանկացած դրական պայքարին:
Սոնա Դավթյան