ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԷՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԻՄԱ ՀՀԿ-Ն Է ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ ԲԻԶՆԵՍՈՒՄ»
Խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հաճախ են ՀՀԿ-ի հասցեին քննադատական ելույթներով հանդես գալիս, երբեմն նույնիսկ վիրավորում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու խմբակցության մի շարք պատգամավորներ, իհարկե, հակադարձում են այդ մեղադրանքներին, բայց արի ու տես, որ ՀՀԿ խմբակցության բիզնեսմեն պատգամավոր Գարեգին Նուշիկյանը երբեք ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից չի հակադարձել իր խմբակցության հասցեին հնչեցված քննադատություններին ու մեղադրանքներին: «Իրավունքը» պատգամավորից պարզեց` ո՞րն է նրա պասիվության պատճառը: «Բայց ես ինչ պատասխանեմ»,- ասաց Նուշիկյանը:
- Պատասխանեք Ձեր խմբակցության հասցեին հնչեցված մեղադրանքներին ու քննադատություններին, որոնք մեծ մասամբ հնչում են ՀԱԿ-ի կողմից:
- Դե պատասխանողները պատասխանում են: Ամեն մեկը, որ պատասխանի, էդ ԱԺ-ն ի՞նչ կդառնա: Երկրորդ, քննադատողների իրավունքն է քննադատել, եթե դա իհարկել կոռեկտության սահմանում է:
- Երբեւէ ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել հակադարձելու ՀՀԿ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին:
- Գիտեք, էնպես չի եղել, որ ինչ-որ հարց մնացել է անպատասխան: Պատասխանողները պատասխանում են էդ հարցին: Ես նպատակահարմար չեմ գտնում հակադարձեմ: Եթե ասելու բան ունեմ, պարտադիր չէ, որ ես ամբիոնից ասեմ: Կարող եմ առանձին էլ ասեմ: Կողմնակից չեմ ամբիոնից վիճաբանելու:
- Իսկ միգուցե հատկապես ՀԱԿ-ի, ասել է թե նույն ՀՀՇ-ի քննադատություններին չե՞ք պատասխանում, քանի որ այդ իշխանության տարիներին բիզնեսով եք զբաղվել եւ ոչ ոք չի խոչընդոտել Ձեզ:
- Գիտեք, բոլոր ժամանակներում էլ մեր կազմակերպությունը կարողացել է հաջող բիզնես գործունեություն ծավալել: Ու բացարձակ կապ չունի, թե ով է այն ժամանակ եղել իշխանության: Ուղղակի ես ցանկություն չունեմ մտնելու նման տեսակի վիճաբանությունների դաշտ: Եթե ինչ-որ մեկն ինձ ասելու բան ունի, գերադասում եմ, որ ինձ ասեն, ես էլ անձամբ պատասխանեմ: Եթե անձնապես ինձ վերագրվող ոչինչ չկա...
- Դուք Ձեր հույսը դնում եք ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորների վրա՞...
- Մնացածների հույսին չեմ թողնում: Կա խմբակցություն ու կա խմբակցության ղեկավար, որն էլ արձագանքում ու պատասխան է տալիս:
- Փաստորեն, կոնկրետ ՀԱԿ-ի մեղադրանքներին չպատասխանելով, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր այսօրվա լռությամբ շնորհակալություն եք հայտնում այն ժամանակվա իշխանություններին, որոնք չեն խոչընդոտել Ձեր բիզնես գործունեությանը:
- Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չեն խոչընդոտել: Ցանկացած ժամանակաշրջանում էլ խոչընդոտել են:
- ՀՀՇ-ի ժամանակ խոչընդոտե՞լ են ձեր գործունեությանը...
- Հիմա էլ կան խոչընդոտներ: Էնպես չէ, որ հիմա խոչընդոտները վերացել են: Էնպես չէ, որ հիմա ՀՀԿ-ն է, խոչընդոտներ չկան: Միշտ էլ խոչընդոտներ եղել են:
- Ներկայիս իշխանությունները, Ձեր գործունեությանը ինչո՞վ են խոչընդոտում:
- Մեր գործունեությունն իրականացվում է օրենքի շրջանակներում: Էն ժամանակ էլ է այդպես եղել, դրա համար էլ մենք կարողացել ենք կանգուն մնալ:
Սոնա Դավթյան