ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՍՄՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 8-ՐԴ
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան, արդեն ավանդական դարձած ութերորդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Այս անգամ մրցույթ-փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Թումանյանի հոբելյանին: Մարզի մրցույթ-փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի կեսից դպրոցական փուլով, այնուհետեւ հոկտեմբերին տեղի է ունեցել տարածաշրջանային լսումներ, որի արդյունքում քառասուն երեխաներ մարզային հանձնաժողովի կողմից երաշխավորվել են մասնակցելու մարզային փուլին:Մարզի բոլոր դպրոցները մասնակցել են մարզի դպրոցական փուլին:
Մինչ մարզային փուլի մեկնարկը ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունեց փառատոնի կազմ կոմիտեի և ժյուրիի անդամներին, նրանց հետ համատեղ քննարկեց մարզում ասմունքի փառատոնի կազմակերպչական մանրամասները, մտավորականների հետ զրուցեց մարզի մշակույթի բնագավառի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Երեւանի Պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, ՀՀ Վաստակավոր արտիստ, <<Կոմիտաս>> ոսկե մեդալի շքանշանակիր Սարգիս Նաջարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահինյանը, Սունդուկյանի անվան ու այլ թատրոնի վայելչակարգ դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, բանասիրական գիտությունների թեկնածու Նելլի Գիլավյանը, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Աիդա Ղազարյանը, Երեւանի Ավ. Իսահակյանի թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը, Հրազդանի դրամատիկ թատրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանը, մրցույթ-փառատոնի ծրագրի հեղինակ եւ ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ - փառատոնի մարզային փուլի մասնակիցներին և հյուրերին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը` իր խոսքում ընդգծելով փառատոնի իրականացման կարևորություններն ու մարզի դպրոցականների առօրյայում վերջինիս ունեցած արդյունավետ և ուսանելի նշանակությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ժյուրիի անդամները, որից հետո սկսվեց մրցույթ-փառատոնը: Մրցույթի ընթացքում ելույթ ունեցան մարզի բոլոր դպրոցներում անցկացված նախնական փուլերի արդյունքում հաղթած քառասուն մասնակիցները:
Ասմունքի փառատոնի մարզային փուլի լսումներից հետո տեղի ունեցավ մրացանակաբաշխության հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու ժյուրիի անդամները խրախուսական նվերներ և պատվոգրեր հանձնեցին ինչպես մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, այնպես էլ մարզային փուլին մասնակցող բոլոր դպրոցականներին:
Հավելենք, որ մարզային փուլում հաղթող ճանաչված 7 աշակերտներ առաջիկայում մասնակցելու են ասմունքի փառատոնի հանրապետական փուլին:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ