ԱՐՄԵՆ ՌՈՒՍԱՏԱՄՅԱՆ. «ՄԵԶ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷԻՆ ՈՒ ԾԱՂՐՈՒՄ, ՄԵՐ ՀԱՑԻ ՄԵՋ ԱՂ ՉԿԱ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին այսօր լրագրողները մի քանի հարց ուղղեցին «Եռյակ»- ՀՅԴ, ՀՅԴ -իշխանություն հարաբերություների մասին: Մասնավորապես, հարցերից մեկի բովանդակությունն այսպիսինն է. արդյոք անորոշություն չկա «եռյակի» ներսում: «Հոկտեմբերի տասի հանրահավաքից հետո անրոշությունները մնացին, հոկտեմբերի 24-ի հանրահավաքն էլ չեմ կարծում, թե ցրեց անորոշությունը: Մի բան է լավ, որ արյունահեղություն չի եղել»,- պատասխանեց խմբակցության ղեկավարը:
Քաղաքական գործչի խոսքով` ինքը չի տեսնում, որ հասարակությանը հուզող հարցերը լուծվել են. «Բայց չեմ էլ համարում, որ սա ձախողում է: Քաղաքական պայքարն «ամեն ինչը միանգամից»-ի տրամաբանությամբ տեղի չի ունենում: Հասարակությունը թող սովորի երկարատեւ պայքարի: Բայց նաեւ պետք է հասկանա, թե այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նորից հիշեցրեց ամբողջական իշխանափոխության իրենց մոտեցումը:
Դիտարկմանը, որ «եռյակն» էլ ասում ամբողջական իշխանափոխություն, պրն Ռուստամյանը հստակեցրեց, որ մի ուժ անհապաղ իշխանափոխություն է պահանջում. «Մենք ի սկզբանե ենք ասել ամբողջական իշխանափոխության մասին եւ ինչ ծաղրուծանակի ենթարկեցին մեզ: Հիմա լավ է, որ «եռյակի» ուժերը հանգեցին մեր մոտեցմանը»: ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց նաեւ դաշնակության մի ուրիշ առաջարկ` հանձնաժողովի նախագահի տեղերի պահման հարցը, որը հետագայում ընդունվեց խորհրդարանի կողմից: Իսկ մինչ այդ իրենց հայհոյում էին այդ առաջարկի համար: «Դե մեր հացի մեջ աղ չկա»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է համաժողովրդական շտաբների բացմանը, քաղաքական գործիչը հիշեցրեց նախագահական նախորդ ընտրությունները, երբ ՀՅԴ-ը միացավ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, հայտարարեց, որ շարժումը պետք է կազմակերպվի, որպեսզի հանրահավաքի մասնակիցներն իմանան իրենց անելիքը: Ի վերջո, հանրահավաքի իմաստը միայն դասախոսություններն ու հայտարարությունները չեն:
Խոսելով ՀՅԴ-իշխանություն հարաբերությունների մասին, մասնավորապես արդյոք դաշնակցությունը կհամագործակցի իշխանության հետ դաշնակների յոթ կետերի շուրջ, խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ քննարկումները սկսվել են երկու տարի առաջ.«Մենք հանդիպել ենք դաշտում ազդեցություն ունեցող քաղաքական մի շարք ուժերի, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի հետ: Այդ քննարկումները շարունակվում են տեւելու են այնքան մինչեւ իրենց առաջարկները կյանքի կոչվեն»:
Սոնա Դավթյան