ԱՐՏԸ` ԽԱԽՈՒՏ, ԲՀԿ-Ի ՄԱՀԱՆԱՆ` ՇՏԱԲՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ
Արդեն մեկ շաբաթ է, որ ԲՀԿ պատգամավորները բավական պասիվ են ու ԱԺ նիստերին համարյա չեն մասնակցում: ԲՀԿ-ի խոսափող համարվող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս խորհրդարանում չէ: Եթե հիշենք մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ում, իսկ ավելի կոնկրետ զոհրաբյանական թեւում ինչպիսի անկումային տրամադրություն էր, տպավորություն է, թե մինչ այս պահը անկումային տրամադրությունները պահպանվում են: Պարզաբանում փորձեցինք ստանալ ԲՀԿ ակտիվ պատգամավոր Միքայել Մելքումյանից: Վերջինս, սակայն, ԲՀԿ-ին հատուկ «սվաղելու» ոճով, ասաց, որ պասիվություն ու անկումային տրամադրություններ չկան. «Ամեն մեկն իր գործունեության ոլորտն ունի: Մարդիկ կան, որ շտաբների հետ կապված աշխատանք են կատարում»:
Երբ պրն Մելքումյանին հիշեցրինք, որ նախկինում խորհրդարանում կարելի էր գրեթե ամեն օր տեսնել Նաիրա Զոհրաբյանին, քիչ թե շատ ակտիվ համարվող այլ պատգամավորների եւս, իսկ այսօր պատկերը բոլորովին հակառակն է, Միքայել Մելքումյանն առաջ քաշեց մեկ այլ արդարացում.«Հիմա առաջ են քաշվում տնտեսական բնույթի հարցեր, որոնք իմ հետաքրքրության շրջանակում են»:
Մելքումյանի համար զարմանալի է, թե ինչու պետք է ԲՀԿ-ի ներսում անկումային տրամադրություններ լինեն: «Որովհետեւ «եռյակի» ներսում տարաձայնություններ կան»,- հիշեցրինք պատգամավորին:
«Ոչ մի տարաձայնություն ես չեմ տեսնում»,- «տակ» չմնաց պատգամավորը:
Հակադարձեցինք`մինչ այսօրվա «եռյակի» հերթական նիստը, երբ որոշվեց, որ դեկտեմբերի տասին միասնաբար հանրահավաք է արվելու, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հանրահավաքի իրազեկումներ էին ներկայացրել (ասել է թե` «նավսյակի բրոնյա» են անում Ազատության հրապարակումը), որին չէր միացել ԲՀԿ-ը, Մելքումյանը սրան էլ արդարացում գտավ.«Ինչ անենք, դա տակտիկական հարց է»:
Հ.Գ. Միքայել Մելքումյանի պատասխաններում ուշագրավը շտաբների ձեւավորման աշխատանքին ԲՀԿ-ականների մասնակցելու մասին հայտարարությունն է: Թե ԲՀԿ խմբակցությունից կոնկրետ ովքեր են մասնակցում շտաբների ձեւավորման աշխատանքին, դեռ պարզ չէ, բայց հիմք ընդունելով այս հայտարարությունը, կարելի է ենթադրել`ինչու են անհետացել ԲՀԿ պատգամավորները: Եթե սրան գումարենք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությունը շտաբների ձեւավորման գործընթացի մասին, ենթադրությունը դառնում է հավանական:
Ի դեպ, այսօր ԲՀԿ-ի բացակայությունն ինչ-որ կերպ կոծկելու խորհրդարան էին ժամանել հասարակությանն անհայտ ԲՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Տիգրան Ներսիսյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Ընդ որում, եկել էին այն ժամանակ, երբ խորհրդարանը պատրաստվում էր ընդունել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի Նախագահ Յանակիս Օմիրուն: Հավանաբար, եկել էին ողջունելու Կիպրոսի ներկայացուցչին: Դե ինչպես ասում են, նման բարձրաստիճան պաշտոնյայի ամեն օր չես կարող հանդիպել:
Սոնա Դավթյան