ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ. «ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԴՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ»
Մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին համալիրում տեղի ունեցած հրդեհի մեղավորը համերգի կազմակերպիչներն են:
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգից հետո բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է համալիրի շոգեբաղնիքը:
Կորյուն Գրիգորյանը նաեւ տեղեկացրել է, որ շոգեբաղնիքը բաց է լինում միայն մրցումների ժամանակ: Ըստ ՄՀՀ-ի աշխատակցի`հրդեհի ժամանակ շոգեբաղնիքում, հավանաբար, եղել են համերգի կազմակերպիչները:
«Իրավունքն» այսօր ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից փորձեց պարզել` ինչո՞ւ, ըստ Կորյուն Գրիգորյանի, պնդումների, բաց է եղել շոգեբաղնիքը: «Ինչի՞ է բաց եղել, Ձեզ եմ հարցնում: Ձեր կարծիքով համերգի կազմակերպիչները գնում են հերթով դռները ստուգո՞ւմ են»,- պատասխանեց Կարեն Ավագյանը:
Կարեն Ավագյանին հիշեցրինք, որ Կորյուն Գրիգորյանը հրդեհի համար մեղադրում է համերգի կազմակերպիչներին. «Ես դրա պատասխանը տվել եմ»:
- Իսկ Կորյուն Գրիգորյանի հայտարարություններին ինչպե՞ս եք արձագանքում:
- Կորյուն Գրիգորյանն ո՞վ է, ես նրան չեմ ճանաչում: Համալիրը վաղուց այդ մարդուց ազատվել է: Հարցրեք համալիրի տնօրինությանը, նա ձեզ կասի:
Սոնա Դավթյան