ՄԱՐԻՆԵ ՄԱՐԱԲՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է ԹԵ´ ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ,
ԹԵ՛ ԴԱՀԼԻՃԻՑ ԴՈՒՐՍ
ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ընտրվելուց մինչ այս պահը ոչ մի անգամ խորhրդարանի ամբիոնից ոչ մի բառ չեն արտաբերել, հարցեր չեն բարձրաձայնել եւ անգամ ելույթներով հանդես չեն եկել: Նման պատգամավորների շարքին է դասվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «Տոբակոյի» Մարինե:
«Իրավունքը» Մարինե Մարաբյանից փորձեց պարզել, թե ինչու տիկին Մարաբյանը երբեւէ պատգամավորական ակտիվություն չի ցուցաբերել: Ի պատասխան` սուսիկ-փուսիկ այս պատգամավորը ցածրաձայն ասաց, որ չի ցանկանում մեր հարցերին պատասխանել: Տիկին Մարաբյանին հիշեցրինք, որ նա պատգամավոր է, հանրային դեմք եւ ընտրված ժողովրդի կողմից: «Դուք էլ լրագրող եք»,- հակադարձեց «Գրանդ Հոլդինգի» շահերը պաշտպանը:
Փորձենք հակիրճ եւ համացանցում առկա տեղեկատվության հիման ներկայացնել`ով է Մարինե Մարաբյանը: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` ԱԺ -ում նա ներկայացնում է «Գրանդ Հոլդինգի» շահերը, ավելին`երկու տարի առաջ իր առաջին եւ գուցե վերջին հարցազրույցում Մարինե Մարաբյանը հայտարարել էր, որ խորհրդարան է գալիս հայրենական արտադրության եւ գյուղացիության շահերը պաշտպանելու համար եւ, որ հանդես է գալու այն օրենքների եւ օրենքների նախագծերի դեմ, որոնք ներմուծողների համար Հայաստանը վերածում են սպառման շուկայի, այդ կերպ կրճատում տեղական աշխատատեղերը: Սակայն, ըստ parliamentMonitoring.am կայքի տվյալների, մասնագիտությամբ արեւելագետ պատգամավորը ոչ մի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում հանդես չի եկել:
ParliamentMonitoring.am կայքի այլ տվյալների համաձայն` տիկին Մարաբյանը մեծամասամբ կողմ է քվեարկել խորհրդարան բերված գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնություններին, բացառությամբ ընդդիմության կողմից ներկայացված օրինագծերի: Հետաքրքիրն այն է, որ տիկին Մարաբյանը դեմ չի քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» մասին օրինագծին:
2013 թ-ի հայտարարագրի համաձայն` մեծամասնական ընտրակարգով ընտրված այս պատգամավորի եկամուտները տարվա սկզբում կազմել են 38.000.000 մլն դրամ եւ 145.000 դոլար, իսկ ամբողջ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է նրա աշխատավարձը` կազմելով 3,320,920.00 դրամ:
Հ.Գ. Նախ հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մարինե Մարաբյանին, որ իր սուրբ արտքը համարեց մեզ հիշեցնել մեր մասնագիտական կարգավիճակի մասին, սակայն մենք էլ հերթական անգամ հիշեցնում ենք սույն տիկնոջը, որ պատգամավորական գործունեությունը չի սահմանափակվում միայն կոճակ սեղմելով ու ներկա ստանալով:
Սոնա Դավթյան