ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ԾԾՄԲԻ ՈՒ ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 9-ի հրապարակման մեջ «Իրավունքն» անդրադարձել էր Նուբարաշենի աղբանոցի խնդրին: Վերոնշյալ հրապարակման մեջ ընթերցողներին հիշեցրել էինք հունիսի 21-ի բողոքի ակցիան, երբ նուբարաշենցիներ փակել էին Նուբարաշենի ճանապարհը՝ պահաջելով պատկան մարմիններից՝ ՀՀ կառավարությունից ու քաղաքապետարանից «ուղտի ականջում չքնել» եւ լուծել աղբանոցից փչող ծխի ու գարշահոտության խնդիրը: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ առողջապահության նախարարության առողջապահական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Առուստամյանի կարծիքն այն մասին, որ կենցաղային աղբի այրման ժամանակ բաց են թողնվում ցնդող օրգանական միացություններ, արոմատիկ ածխաջրածներ, դիոքիսներ, քլոր բենզոլ, ծանր մետաղներ, որոնք փոշու ձեւով տարածվում են: Թունավոր նյութերի հետեւանքով կարող է ընկնել մարդու դիմադրողականությունը, նյարդային համակարգի վրա ազդել, գլխացավեր ունենա, ծուխն էլ կարող է առաջացնել շնչառական ուղիների գրգռում: Իսկ պարզելու համար, թե Նուբարաշենի աղբանոցում կենցաղային աղբի այրման ժամանակ առաջացած քիմիական միացությունները բնակիչների առողջության վրա ինչ ազդեցություն են թողնում,մասնագետը խորհուրդ էր տվել դիմել բնապահպանության նախարարություն, որն էլ մեզ խնդրել էր հարցը գրավոր ուղարկել: Բնապահպանության նախարարությանն ուղղված «Իրավունքի» հարցումը հետեւյալն էր.
«Նախարարությունը այս եւ նախորդ տարի կատարե՞լ է Նուբարաշենի աղբավայրի հարեւանությամբ գտնվող հարևան բնակավայրերի (հատկապես Նուբարաշենի խճուղու հինգ շենքերի) մթնոլորտի ուսումնասիրություն: Եթե այո, ապա կոնկրետ այդ տարածքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերը թույլատրելիի սահմանում են, թե ոչ: Ի պատասխան` նախարարությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարությունը Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում մթնոլորտային օդի գետնամերձ շերտի որակի մոնիթորինգ իրականացնում է պասիվ նմուշառման երեք դիտակետում, որտեղից վերցվում են օդի աղտոտչի`ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի նմուշներ`միջին շաբաթական ռեժիմով: Համաձայն 2014 թ-ի ինն ամսվա միջինացված տվյալների`Նուբարաշեն վարչական տարածքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 0.029 մգ/մ³ է, իսկ ազոտի երկօքսիդինը`0.012 մգ/մ³,որոնք գտնվում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանում»:
Սոնա Դավթյան