Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՀԱՅ ՋՐՄՈՒՂԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈԶԻ ԲՈՒԴ, ԼՈԲԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ՋՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՎԱՐՁԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈ

$
0
0

«ՀԱՅ ՋՐՄՈՒՂԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ  ԽՈԶԻ ԲՈՒԴ, ԼՈԲԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ՋՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՎԱՐՁԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՍԱԿԱՅՆ… ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Արմավիրի մարզի Այգեշատ  գյուղի բնակիչները հայտնվել են  անելանելի վիճակում: Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց, որ  Հայ ջրմուղ կոյուղի»  ՓԲԸ-ը  գրավոր  ծանուցել է   գյուղի բնակիչների մեծամասնությանը վճարել  ամիսներով, նույնիսկ տարիներով կուտակված ջրի վարձը հակառակ դեպքում  բնակիչները դատարանի հետ գործ կունենան:  Գումարները, ըստ գյուղապետի, մեծ  չափերին են հասնում. 100.000-ից մինչեւ 500.000 դրամ. «Իմ ձեռքին է  Բաբայան Փիրուզային ուղարկված տ ծանուցումը, որտեղ  տիկին Փիրուզան տուգանվել է  500.000 դրամով: Եթե տասը տարի առաջ ունենար անասնագոմ, հիսուն գլուխ անասուն, ջրաչափ, հաստատ 500.000 դրամի մասին խոսք չէր կարող լինել»:

Պրն Հովսեփյանի խոսքով` ինքը յոթ տարի շարունակ  համոզում է  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին գյուղացիների բնակարաններում ջրաչափ տեղադրել, սակայն ապարդյուն:  «Եթե այդքանից  հետո գյուղացիները ջրի վարձը չեն վճարի, թող գան ինձնից տանեն այդ գումարը»,- մանրամասնում է  գյուղապետը, ապա  հավելում. «Եթե  որոշ գյուղացիներ էլ  ունեն ջրաչափեր, դրանք  թաղված են խոնավության մեջ. «Կնիքները  փտում են խոնավությունից, «Հայ ջրմուղի»  ներկայացուցիչը գալիս   եւ գյուղացուն ասում է`կնիքը  պոկել ես, քեզ պետք  է  տուգանենք»:

Ռուբեն Հովսեփյանի խոսքով` ջրի վարձի մեծ պարտքերի տակ հայտնված այգեշատցիների մոտ երեսուն տոկոսը երկար տարիներ գյուղում չի բնակվում: «Մարդ կա, որ քսան տարի գյուղում չի բնակվում, բայց տուգանվել է 400.000 դրամով»,- զայրացած հայտարարեց Այգեշատի գյուղապետը:

Սակայն սա դեռ ամենը չէ:  Գյուղապետի հավաստմամբ Այգեշատում  գրեթե ամեն ամիս գալիս է «Հայ ջրմուղի» մի նոր տեսուչ, պահանջում գյուղացիներից ջրի վարձը, բայց այդ պահին կտրոն չի  տրամադրում:  Իսկ անվճարունակներին էլ «Հայ ջրմուղի» ներկայացուցիչները «ուրույն» մոտեցում են ցուցաբերում. «Իմ գանձապահ Անահիտից տասը կգ լոբի են պահանջել տուգանքը զրոյացնելու համար, սակայն եղել է հակառակը, տուգանքը զրոյանալու փոխարեն ավելացել է: Դեպքեր են եղել, որ անգամ խոզի բուդ, պոմիդոր, վարունգ, բադրիջան են պահանջել»:

Այգեշատցիներին, այսպես ասած վախեցնելու համար բնակիչներից մեկի գործը, ըստ Ռ. Հովսեփյանի, «Հայ ջրմուղն» ուղարկել է  դատարան:

Գյուղացիներից մեծ չափերով տուգանելուց բացի` մեր զրուցակցի խոսքով` «Հայ ջրմուղ» կոյուղի» ՓԲԸ-ի անգործության պատճառով քանդվում է իրենց դպրոցի հիմքը, իսկ  մի քանի  փողոցներ ջրակոլոլ վիճակում են գետնի տակ գտնվող խողովակների պայթելու պատճառով:

«Իրավունքը» զրուցեց նաեւ  «Հայ ջրմուղ կոյուղի ՓԲԸ-ի մամլո քարտուղար Ալեքսանդր Օհանյանի հետ: Վերջինիս խոսքով`  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ գյուղացիները  օգտագործել են ջուրն ու դրա դիմաց չեն վճարել: « Օրենքով   բնակիչը պարտավոր է ունենալ ջրաչափ, իսկ  եթե չունի,  ջրի վարձը հաշվարկվում  է խողովակի կտրվածքով »,-մանրամասնեց  մամլո քարտուղարը:

Ինչ վերաբերում է գյուղապետի այն պնդումներին, թե   տուգանվածների  երեսուն տոկոսը  գյուղում չի բնակվում, Ալեքսանդր Օհանյանի խոսքով` էդպիսի բան հնարավոր չէ. «Միգուցե հին դա հին պարտքն է: Շատ հնարավոր է տուգանվածները տարիներ առաջ ապրել են էդտեղ, ջուր են օգտագործել, կամ խախտում են արել, պարտքեր են կուտակել, հետագայում էլ գնացել են, օրինակ, Ռուսաստան: Գյուղացին կարող  է հանգիստ գնալ   ջրմուղի իրենց մասնաճյուղեւ հետաքրքրվել, թե ինչպիսի ջրաչափ պետք է  տեղադրի»:

Անդրադառնալով  «Հայ ջրմուղի» որոշ ներկայացուցիչների` գյուղացիներից կաշառք վերցնելու հայտարարությանը, պրն Օհանյանը խնդրեց մեզ փաստ ներկայացնել, ոչ թե գյուղապետի հայտարարությունը: «Փաստեր հրապարակեք, մենք կոշտ ձեւով այդ հարցը կլուծենք»,- վստահեցրեց մամլո քարտուղարը, ապա հորդորեց մեր քաղաքացիներին ոչ մի տեսուչի առձեռն ջրի վարձի գումար չտալ:

«Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կոմեցիոն տնօրեն Վահագն Մանանդյանն էլ մեզ հետ  զրույցում անդրադառնալով Այգեշատի դպրոցի շենքի ու մի քանի փողոցների տակ գտնվող խողովակների պայթելուն ու ջրի արտահոսքին` ասաց, որ այս պահին  այդ գյուղում ներքին ցանցն է փոխվում. «Էջմիածնի հայ ջրմուղի շահագործման պետը վաղը կլինի Այգեշատում, կտեսնեն ինչ է խնդիրը, կզեկուցեն ինձ, ես հանձնարարականներ կտամ: Ներքին ցանցի մոտ ութսուն տոկոսը փոխված է, մի քսան տոկոս բան է մնացել »:

Իսկ գյուղացիների ջրի վարձի  կուտակված պարտքերի  խնդիրը, ըստ պրն Մանանդյանի, «Հայ ջրմուղը» կքննարկի. « Եթե սխալներ են եղել, կուղղենք, իսկ եթե  ճիշտ է հաշվարկը, պետք է վճարեն: Ովքեր չեն կարող միանգամից վճարել, պատրաստ ենք ժամանակացույց կազմել:  Ջրաչափեր  չունենալու հետ կապված էլ ասեմ, որ ովքեր ջրաչափ ունեն, հանձնարարել ենք դուրսը դնել, իսկ ովքեր չունեն մեզ մոտից  կգան ու կտանեն»:

Իսկ ինչու մինչ  այսօր ջրաչափեր չէր տրամադրվում գյուղին հարցին ի պատասխան «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի պարզաբանմամբ   ջրաչափերի տրամադրման  որոշում  ու թույլտվություն կառավարությունը վերջերս է կայացրել:

Հ.Գ.Եթե հիմք ընդունենք  2004 թ-ի «խմելու ջրի մատակարարման եվ ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման եվ ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձեվերը, ջրամատակարարման եվ ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի n 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 130  որոշման  4-րդ կետի «բ» ենթակետը (ջրաչափական սարքերը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի ջրաչափական սարքերի (որոնց ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից), ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում բաժանորդների միջոցների հաշվին), հարց   առաջանում` հայ ջրմուղը ո՞ր օրենքով է  բնակիչներին  տրամադրում  իր հաշվին  ջրաչափեր,  կառավարության այդ ինչ որոշման մասին է խոսքը: Կարծում ենք`այս հարցերն անպատասխան չի թողնի  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն:

Մանրամասները`տեսանյութերում:

 

 

 

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles