Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՀԱՅ ՋՐՄՈՒՂԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՈԶԻ ԲՈՒԴ, ԼՈԲԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ՋՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՎԱՐՁԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈ

$
0
0

«ՀԱՅ ՋՐՄՈՒՂԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ  ԽՈԶԻ ԲՈՒԴ, ԼՈԲԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ՋՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՎԱՐՁԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՍԱԿԱՅՆ… ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Արմավիրի մարզի Այգեշատ  գյուղի բնակիչները հայտնվել են  անելանելի վիճակում: Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց, որ  «Հայ ջրմուղ կոյուղի»  ՓԲԸ-ը  գրավոր  ծանուցել է   գյուղի բնակիչների մեծամասնությանը վճարել  ամիսներով, նույնիսկ տարիներով կուտակված ջրի վարձը, հակառակ դեպքում  բնակիչները դատարանի հետ գործ կունենան:  Գումարները, ըստ գյուղապետի, մեծ  չափերին են հասնում. 100.000-ից մինչեւ 500.000 դրամ. «Իմ ձեռքին է  Բաբայան Փիրուզային ուղարկված  ծանուցումը, որտեղ  տիկին Փիրուզան տուգանվել է  500.000 դրամով: Եթե տասը տարի առաջ ունենար անասնագոմ, հիսուն գլուխ անասուն, ջրաչափ, հաստատ 500.000 դրամի մասին խոսք չէր կարող լինել»:

Պրն Հովսեփյանի խոսքով` ինքը յոթ տարի շարունակ  համոզում է  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին գյուղացիների բնակարաններում ջրաչափ տեղադրել, սակայն ապարդյուն: «Եթե ջրաչափերի տեղադրումից հետո գյուղացիները ջրի վարձը չեն վճարի, թող գան ինձնից տանեն այդ գումարը»,- ասել է գյուղապետը «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներին: Ռ.Հովսեփյանի խոսքով` եթե  որոշ գյուղացիներ էլ  ունեն ջրաչափեր, դրանք  թաղված են խոնավության մեջ. «Կնիքները փտում են խոնավությունից, «Հայ ջրմուղի» ներկայացուցիչը գալիս եւ գյուղացուն ասում է` կնիքը պոկել ես, քեզ պետք  է  տուգանենք»:

ՀՀԿ-ական գյուղապետի խոսքով` ջրի վարձի մեծ պարտքերի տակ հայտնված այգեշատցիների մոտ երեսուն տոկոսը երկար տարիներ գյուղում չի բնակվում. «Մարդ կա, որ քսան տարի գյուղում չի բնակվում, բայց տուգանվել է 400.000 դրամով»:

Սակայն սա դեռ ամենը չէ: Գյուղապետի հավաստմամբ Այգեշատում գրեթե ամեն ամիս գալիս է «Հայ ջրմուղի» մի նոր տեսուչ, պահանջում գյուղացիներից ջրի վարձը, բայց այդ պահին կտրոն չի  տրամադրում: Իսկ անվճարունակներին էլ «Հայ ջրմուղի» ներկայացուցիչները «ուրույն» մոտեցում են ցուցաբերում. «Իմ գանձապահ Անահիտից տասը կգ լոբի են պահանջել տուգանքը զրոյացնելու համար, սակայն եղել է հակառակը, տուգանքը զրոյանալու փոխարեն ավելացել է: Դեպքեր են եղել, որ անգամ խոզի բուդ, պոմիդոր, վարունգ, բադրիջան են պահանջել»:

Ի դպ, այգեշատցիներին, այսպես ասած, վախեցնելու համար բնակիչներից մեկի գործը Ռ. Հովսեփյանի տեղեկացմամբ «Հայ ջրմուղն» ուղարկել է  դատարան:

«Հայ ջրմուղ» կոյուղի» ՓԲԸ-ից դժգոհություններն այսքանով չեն սահմանափակվում. այդ ընկերության անգործության պատճառով քանդվում է Այգեշատի  դպրոցի հիմքը, իսկ  մի քանի  փողոցներ ջրակոլոլ վիճակում են գետնի տակ գտնվող խողովակների պայթելու պատճառով:

«Իրավունքը» զրուցեց նաեւ  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Ալեքսանդր Օհանյանի հետ: Վերջինիս խոսքով` «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն ոչինչ չի կարող անել, եթե գյուղացիները  օգտագործել են ջուրն ու դրա դիմաց չեն վճարել: «Օրենքով   բնակիչը պարտավոր է ունենալ ջրաչափ, իսկ  եթե չունի,  ջրի վարձը հաշվարկվում  է խողովակի կտրվածքով»,-մանրամասնեց  մամլո քարտուղարը:

Ինչ վերաբերում է գյուղապետի այն պնդումներին, թե  տուգանվածների երեսուն տոկոսը  գյուղում չի բնակվում, Ալեքսանդր Օհանյանի խոսքով` էդպիսի բան հնարավոր չէ. «Միգուցե հին պարտքն է: Շատ հնարավոր է` տուգանվածները տարիներ առաջ ապրել են Այգեշատում, ջուր են օգտագործել, կամ խախտում են արել, պարտքեր են կուտակել, հետագայում էլ գնացել են, օրինակ, Ռուսաստան: Ինչ վերաբերում է այն բողոքներին, թե գյուղացիները չգիտեն` ինչպիսի ջրաչափ գնեն, դա խնդիր չէ: Նրանք  կարող  են հանգիստ գնալ ջրմուղի իրենց մասնաճյուղ եւ հետաքրքրվել, թե ինչպիսի ջրաչափ պետք է տեղադրեն»:

Անդրադառնալով «Հայ ջրմուղի» որոշ ներկայացուցիչների` գյուղացիներից կաշառք վերցնելու հայտարարությանը, պրն Օհանյանը խնդրեց մեզ փաստ ներկայացնել, ոչ թե մեջբերել գյուղապետի հայտարարությունը: «Փաստեր հրապարակեք, մենք կոշտ ձեւով այդ հարցը կլուծենք»,- վստահեցրեց մամլո քարտուղարը, ապա հորդորեց մեր քաղաքացիներին ոչ մի տեսուչի առձեռն ջրի վարձի գումար չտալ:

«Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կոմեցիոն տնօրեն Վահագն Մանանդյանն էլ մեզ հետ  զրույցում անդրադառնալով Այգեշատի դպրոցի շենքի ու մի քանի փողոցների տակ գտնվող խողովակների պայթելուն ու ջրի արտահոսքին` ասաց, որ այս պահին  այդ գյուղում ներքին ցանց է փոխվում. «Էջմիածնի «Հայ ջրմուղի» շահագործման պետը վաղը կլինի Այգեշատում, կտեսնեն` ինչն է խնդիրը, կզեկուցեն ինձ, ես հանձնարարականներ կտամ: Ներքին ցանցի մոտ ութսուն տոկոսը փոխված է, մի քսան տոկոս բան է մնացել»:

Իսկ գյուղացիների ջրի վարձի  կուտակված պարտքերի  խնդիրը, ըստ պրն Մանանդյանի, «Հայ ջրմուղը» կքննարկի. «Եթե սխալներ են եղել, կուղղենք, իսկ եթե  ճիշտ է հաշվարկը, պետք է վճարեն: Ովքեր չեն կարող միանգամից վճարել, պատրաստ ենք ժամանակացույց կազմել: Ջրաչափեր  չունենալու հետ կապված էլ ասեմ, որ ովքեր ջրաչափ ունեն, հանձնարարել ենք դուրսը դնել, իսկ ովքեր չունեն, մեզ մոտից  կգան ու կտանեն»:

«Իսկ ինչու մինչ  այսօր ջրաչափեր չէր տրամադրվում գյուղացիներին» հարցին ի պատասխան` «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի պարզաբանմամբ`ջրաչափերի տրամադրման  որոշում  ու թույլտվություն կառավարությունը վերջերս է կայացրել:

Հ.Գ.Եթե հիմք ընդունենք  2004 թ-ի «խմելու ջրի մատակարարման եվ ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման եվ ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձեվերը, ջրամատակարարման եվ ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի n 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 130  որոշման  4-րդ կետի «բ» ենթակետը (ջրաչափական սարքերը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի ջրաչափական սարքերի (որոնց ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից), ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում բաժանորդների միջոցների հաշվին), ապա հարց է առաջանում` «Հայ ջրմուղը» ո՞ր օրենքով է իր հաշվին բնակիչներին ջրաչափեր տրամադրում, կառավարության այդ ի՞նչ որոշման մասին է խոսքը: Կարծում ենք`այս հարցերն անպատասխան չի թողնի  «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն:

Մանրամասները` տեսանյութերում:

 

 

 

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles