"ՀՀՇ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԱՍԿԱԾԱՄՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆԸ"1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որին այդ տարիներին կողմնակից էր Մարդու իրավունքների առաջին պաշտպան, "Ընդդեմ իրավական կամայականություն" ՀԿ-ի նախագահ, նախկին պատգամավոր ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: "Իրավունքի" հետ զրույցում տիկին Ալավերդյանը 25 տարի անց գնահատելով որոշման կարեւորությունը` նախ հիշեցրեց. "Դեկտեմբերի 1-ի իրավիճակը քչերն են հիշում: Իրավիճակն այնպիսին էր, որ ԽՍՀՄ-ի օրոք տեղի էին ունենում էթնիկական աննախադեպ զտումներ Ադրբեջանում, որի մասին այսօր փորձում է մոռանալ Բաքուն, եւ երբեմն նույնիսկ մենք չենք հիշում դրանց մասին: 1989-ի աշնանը մենք ունեցել ենք 300.000 հայ փախստական":
Այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ Լարիսա Ալավերդյանի, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է ելքեր գտնեին ոչ թե ԽՍՀՄ-ի Սահմանադրության, այլ միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան: "Արցախի ու Հայաստանի վերամիավորման հարցով այդ ժամանակ զբաղվել է ՍԻՄ կուսակցությունը: Ես ջատագովն էի այն բանի, որ ՍԻՄ-ի ներկայացուցիչները մի փոքր խմբով գնան Արցախ, հանդիպեն Վաչագան Գրիգորյանի հետ: Հայաստանի Գերագույն խորհրդին, մինչ դեկտեմբերի 1-ի որոշումը, դիմել էր ԼՂ իշխանությունը` միավորման համար: Իսկ Ադրբեջանը չէր համաձայնել ԼՂ-ի իր կազմից դուրս գալուն",- հիշում է մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
- Տիկին Ալավերդյան, անկախ Հայաստանի առաջին իշխանությունն ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` կարողացա՞վ ճիշտ օգտագործել դեկտեմբերի 1-ի որոշումը` որպես դիվանագիտական հաղթաթուղթ:
- Ի սկզբանե ՀՀՇ-ի ղեկավարությունը մեծ կասկածամտությամբ էր վերաբերվում այդ որոշմանը, անգամ հնչեցվել էր մի միտք, որ Ադրբեջանը այդ որոշումը կհամարի ագրեսիայի դրսեւորում: Հետագայում` 1990-ից հետո, ինչքան հիշում եմ, ՀՀՇ-ի կարկառուն որոշ դեմքեր կարծում էին` պետք է չեղյալ համարել այն: Մինչեւ անգամ, եթե չեմ սխալվում, որոշումն ընդունելու տարիներին հայտարարվում էր` Հայաստանը չպետք է ստորագրի միջազգային որեւէ փաստաթուղթ, եթե չկա Արցախի համաձայնությունը:
- Այսօր ունենք չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ունենք հակամարտության խնդիր, որի լուծման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքում է: 25 տարի անց, եթե գնահատելու լինեք, մեզ համար ձեռնտո՞ւ է այս իրավիճակը, թե՞, այնուամենայնիվ, վերամիավորման ճանապարհը ճիշտ կլիներ:
- Միացումը կբերեր ավելի մեծ վտանգներ, որոնք մենք այսօր տեսնում ենք Ռուսաստան-Ղրիմ հարթությունում: ԼՂՀ-ի անկախության ճանապարհն ավելի անխոցելի ու պաշտպանված դիրք է, քան եթե գնայինք վերամիավորման ճանապարհով: Թեւ Լեոնիդ Ազգալդյանը ճիշտ է ասել, որ "Արցախը Հայաստան է ու վերջ", բայց մեզ չի խանգարում ու դրական գործոն է, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը երկու պետական միավորումներով` ճանաչված ՀՀ-ով ու չճանաչված ԼՂՀ-ով է հանդես գալիս:
- Փաստորեն, Դուք, այդ տարիներին կողմ լինելով Արցախի անկախության ճանաչմանը, ճիշտ եք համարում վերամիավորման ուղիով չընթանալը:
- Այո: Ես կողմնակից էի, քանի որ բացի ժողովրդի միասնականությունից, անհրաժեշտ էր նաեւ քաղաքական տարբեր էլիտաների միասնությունը: Երբ հիմա տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում Ռուսաստան-Ղրիմ հարաբերություններին, կարծում եմ, որ ԼՂՀ-ի անկախության ճանապարհով ընթանալը վնասակար չէ:
- Դեկտեմբերի 1-ի որոշումը, որպես դիվանագիտական հաղթաթուղթ, այսօր կարո՞ղ ենք օգտագործել:
- Միջազգային իրավունքի այն դաշտը, որը վերաբերում է նույն ժողովրդի երկու մասերի վերամիավորմանը, մինչեւ վերջ մշակված չէ` թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսակետից: Կարծում եմ` այսօրվա վիճակն անվտանգության տեսանկյունից ավելի ձեռնտու է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ