"ՀՀՇ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԱՍԿԱԾԱՄՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆԸ"
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որին այդ տարիներին կողմնակից էր Մարդու իրավունքների առաջին պաշտպան, "Ընդդեմ իրավական կամայականություն" ՀԿ-ի նախագահ, նախկին պատգամավոր ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: "Իրավունքի" հետ զրույցում տիկին Ալավերդյանը 25 տարի անց գնահատելով որոշման կարեւորությունը` նախ հիշեցրեց. "Դեկտեմբերի 1-ի իրավիճակը քչերն են հիշում: Իրավիճակն այնպիսին էր, որ ԽՍՀՄ-ի օրոք տեղի էին ունենում էթնիկական աննախադեպ զտումներ Ադրբեջանում, որի մասին այսօր փորձում է մոռանալ Բաքուն, եւ երբեմն նույնիսկ մենք չենք հիշում դրանց մասին: 1989-ի աշնանը մենք ունեցել ենք 300.000 հայ փախստական":
