ԱՐԴՅՈՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերջերս տեղի ունեցավ իշխող կոալիցիայի ստատուս-քվոյի փոփոխություն: Կոալիցիայից դուրս եկավ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կուսակցությունը, իսկ մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից: Դրանից հետո կառավարությունից հեռացան արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ Վրաստանի եվրաինտեգրացիայի հարցերի նախարարը: Վրաստանի իշխող կոալիցիայի ներսում տեղի ունեցած փոփոխությունները մի շարք վերլուծաբաններ համարեցին Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության մեսիջ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ համամիտ չէ նման կերպ մտածող վերլուծաբանների հետ, քանի որ Ալասանիայի դուրս գալը զուտ ներկոալիցիոն խնդիր է: «Կան կուսակցություններ, որոնք Ալասանիայի ղեկավարած կուսակցության նման չափից ավելի պրոամերիկյան չեն, բայց փորձում են տարբեր ձեւաչափերով հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ»,- վերլուծում է քաղաքագետը:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի կոալիցիայից դուրս գալը պայմանավորված էր նաեւ նրա հավակնություններով: Վերջինս ձգտում էր ստանձնել փոխվարչապետի պաշտոնը: «Նախկին իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական կուրսը Վրաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են: Հիմա Վրաստանը ասոցացման համաձայնագրի իրականացման փուլում է»,- վստահեցրեց Ջ.Մելիքյանը:
Եթե Վրաստանում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի սպասվում, ինչով էր պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությունը, թե կարիք կա, որ Թբիլիսին հաստատի հավատարմությունը եվրատլանտյան ուղղությանը: Այս հայտարարությունը, ըստ վերլուծաբանի, պայմանավորված էր նրանով, որ Ալասանիան ընդունված էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, որոնք սովոր էին նրա հետ աշխատել: «ԱՄՆ-ի այդ հայտարարությունը մեսիջ էր Վրաստանին, որ նրանք հակառուսական ելույթներ ունենան: Վրաստանի վարչապետ ԻրակլիՂարիբաշվլին Բրյուսելում հայտարարեց, որ Ռուսաստանն ագրեսոր է, որ նա շարունակում է օկուպացրել է իրենց տարածքները»,- հիշեցրեց վրացագետը, ապա հավելեց. Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ համագործակցությունը տեսնում են միայն տնտեսական ոլորտում:
Ինչ վերաբերում է «Իրակլի Երկրորդ» ընկերության ղեկավար, հասարակական գործիչ ԱՐՉԻԼ ՉԿՈՒԻՁԵԻ այն հայտարարությանը, թե Վրաստանի իշխանություններն են կողմ արեւմտյան արտաքին քաղաքական կուրսին, ոչ թե վրաց ժողովուրդը, որի 70% կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը, Ջոնի Մելիքյանը խորհուրդ տվեց պարզել, թե այդ ՀԿ-ն ինչ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: «Վարելով պրագմատիկ քաղաքականություն` Վրաստանի իշխանությունները կարող են համագործակցել, թե´ Արեւմուտքի, թե´ ՌԴ-ի հետ»,- եզրափակեց պրն Մելիքյանը:
Սոնա Դավթյան