Ո՞Վ Է ԽԱԽՏԵԼ ԵՌՅԱԿԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Հայոց Աշխարհ թերթի հետ հարցազրույցում լրագրողի հարցին, թե արդյոք ոչ իշխանական եռյակի նիստին, որին պարբերաբար մասնակցում է Ա. Մարտիրոսյանը, քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը «Համաժողովրդական շարժման» հռչակագիր կամ հուշագիր ընդունելու վերաբերյալ, կուսակցության փոխնախագահն ասել է.«Եռյակում կա սկզբունք, եթե քննարկումների ընթացքում այս կամ այն հարցի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այդ հարցը չենք հրապարակայնացնում»:
Հերթական անգամ այս կուսակցությունը գալիս է ապացուցելու, որ հենց իրենց ներսում կա խնդիր առ այն, որ նախ ոչ մեկ ոչ մեկից տեղյակ չէ, ոչ մեկ ոչ մեկին չի լսում, իսկ եթե անգամ լսում է, ապա վարվում է այնպես ինչպես ինքն է հարմար գտնում: Սակայն մեր տեղեկություններով եռյակի հանդիպումներից մեկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում ներկայացրել է ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին հռչակագրի նախագծի տեքստը, իսկ հետո արագորեն հավաքել է ասելով, որ այն գաղտնի է եւ պետք չէ հիմա հրապարակայնացնել: Սակայն հանդիպման հենց հաջորդ օրը հռչակագիր հայտնվեց մամուլի էջերում եւ, ըստ եռյակում տարածված խոսակցությունների, հենց պարոն Հոհվաննիսյանի թեթեւ ձեռքով է այն հասել լրատվամիջոցներին: Նույն աղբյուրը մեզ տեղեկացնում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն եկել են այն համոզման, որ «Ժառանգության» առաջնորդը իր այս քայլով ցանկացել է պրովոկացիայի ենթարկել եռյակին եւ հանրության ներկայացնել, որ մնացած երկու կուսակցությունները ավելի քիչ վճռական են իրենց գործողություններում, ավելի անկազմակերպ են հռչակագրի ստորագրման հարցում:
Դե ինչ վաղուց սպասված եւ ակնկալվող եռյակային գործողությունները գալիս են տրամաբանված ավարտին, քանի որ այսօր արդեն ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ռազմավարությունների միջեւ անգամ տարաձայնություններ կան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ