ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ''ՆԱՐԻՆԵ''
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 2,8 ՄԻԼԻՈՆ
ԴՐԱՄ
Մեր հարցազրույցը Կոտայքի մարզի Արզական գյուղի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի հետ նպատակ էր հետապնդում ընթերցողներին ծանոթացնելու մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին, արտագաղթին, հոգսերին եւ այլ մտահոգություններին:
- Ինչպիսի՞ն է գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը: Կա՞ արդյոք արտագաղթ գյուղում:
- Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք գյուղերի` Արզականը շահեկան վիճակում է գտնվում` ունենալով հանգստի գոտի, ամառանոցային հատված, անտառ, բնություն: Ներդնողները, սեփականատերերը, հանգստյան գոտի ունեցողները ենթակառուցվածքներ են ստեղծում, որի արդյունքում աշխատատեղով ապահովվում է համայնքի բնակչության որոշակի հատվածը: Այն հիմնական պատճառը, որ աշխատանք չունեն, լքում են երկիրը, մեր մոտ ակտուալ չէ: Բայց ասել, թե ամբողջ բնակչության հարցը դրանով է լուծվում, դա ճիշտ չի լինի, որովհետեւ մեր ունեցած հանգստի գոտու ամբողջ ռեսուրսները ամբողջությամբ չի օգտագործվում կապված այն հանգամանքի հետ, որ ներդրողները շատ հաճախ գալիս են, որոշակի կառույց կառուցում, թողնում անավարտ կամ կիսատ, չեն շահագործում` ֆինանսական հնարավորությունների պատճառով: Հուսով ենք, որ երկրի համընդհանուր զարգացման հետ անմասն չի մնա մեր ձորը, որը կզարգանա, կակտիվանա, եւ որպես այդպիսին, կբացվեն աշխատատեղեր:
- Դուք նշեցիք, թե ամբողջ բնակչության հարցը վերոնշյալով չի լուծվում: Ի՞նչ նկատի ունեք:
- Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ այստեղ գյուղատնտեսությունը, որպես այդպիսին, շահութաբեր ճյուղ չի, դրա համար գյուղացին չի աշխատում, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում կարծես թե գյուղացին հասկացել եւ հայացքով շրջվել է դեպի հողը, դեպի անասնապահությունը, դեպի այգին: Հիմնվում են նոր այգիներ, իսկ դրա չհիմնվելու պատճառն էլ եղել է ոռոգման ցանցերի բացակայությունը, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ահագին աշխատանքներ ենք կատարել, ոռոգելի մակերես ենք ավելացրել: Չնայած դեռ ավարտուն տեսքին չի հասել, բայց ընթացքի մեջ է: Համենայն դեպս, որպես այդպիսին, արզականցին արտագաղթը այդքան զգացնել չի տվել: Եթե 90-ական թթ. մինչեւ 98թթ. գնացողները ընտանիքով կայացել են, ես դրա պատճառներն էլ եմ տեսնում` լույս, գազ չլինելը, ապրելու խնդիրը, հիմա արդեն զուտ գնում են հիմնականում <<խոպանչու>> տեսքով` սեզոնային: Վերջին `մոտավորապես մի հինգ տարիներից սկսած, ընտանիքով գնացող եւ մնացող չունենք:
- Ինչպիսի՞ չլուծված հարցեր ունեք գյուղում:
- Ամենագլխավոր հարցը խմելու ջրի հարցն է: Գյուղում ունենք թաղամաս, որտեղ ջրամատակարարումը իրականացվում է շաբաթը երկու անգամ, այն էլ` երկու ժամով, դե պատկերացրեք իրավիճակը: Ջրամատակարարումը իրականացվում է համայնքի կողմից, հաշվիչներ չունենք տեղադրած, մեծ գումարների հետ է կապված: Կա համապատասխան ծրագիր, որի մեջ մենք մտել ենք, եւ հուսով եմ, որ առաջիկայում պիտի լուծվի: Ներդրումային լուրջ ծրագիր է իրականացվելու գյուղում` ներքին ամբողջ ցանցը փոփոխվելով, հաշվիչներ տեղադրելով, եւ գլխավոր օպերատորներից մեկին ցանցը հանձնելով` խնդիրը կլուծվի: Ունենք նաեւ մշակույթի տան հիմնանորոգման խնդիր, որը, հուսով ենք, պետբյուջեի ծրագրերով կկարողանանք իրականացնել: Մնացյալ խնդիրներն արդեն նրանք են, որ առկա են գրեթե բոլոր գյուղերում` լուսավորություն, ճանապարհներ անբարեկարգ: Ժամանակին մենք էլի ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել ենք, գլխավոր փողոցի լուսավորությունը ապահովել ենք, բայց դա, իհարկե, շարունակական պետք է լինի:
- Ի՞նչ ընթացք ունի բյուջեի հավաքագրումը:
Լուրջ խնդիր է մեզ համար հավաքագրումը: Չնայած որոշ դժվարությունների, ֆիզիկական անձիք` ժողովուրդը, իր պարտավորությունները կատարում է: Այդ իմաստով մենք խնդիր ենք ունենում իրավաբանականների հետ: Եկել են, գնել ներդրումային ծրագիրը, ֆինանսները չի հերիքում, կանգնած է կիսաքանդ, բայց ինքը գույքահարկից չի ազատվում: Մեծ գումարներ են դրանք, եւ մեկ-երկու տարի չվճարելու դեպքում դառնում է մի հսկա գումար: Եվ այդ դեպքում ինքն ասում է` սպասեք վաճարենք, ընթացքում կվճարենք: Ունենք մի քանի այդպիսի հանգստյան տներ, որոնք ընդհանրապես չեն վճարել վերջին մի քանի տարում: Օրինակ` Սեփականատեր Սասուն Միքայելյանի <<Նարինե>> հանգստյան տան պարտքը կազմում է 2,8 միլիոն դրամ, նույնպես չշահագործվող, կիսաքանդ հանգստյան տուն է: Մայր աթոռին պատկանող մի հանգստյան տուն կա, որը իրենց բալանսում է գտնվում: Բազմաթիվ անգամներ դիմել ենք Մայր աթոռին, սակայն անպատասխան: Հիմա մնում է վարչական լծակների օգնությամբ աշխատենք: Իրենց պարտքը կազմում է մոտավորապես 3,5-3,8 միլիոն դրամ: Ունենք <<Ակնատուր>> ՓԲԸ հանգստյան տուն: Անցյալ տարի բաժնետոմսերով վաճառք է իրականացվել, ոչ մի ներդրում չեն արել, կալանքի տակ են հաշիվները: <<Երեքնուկ>> ՍՊԸ-ն ունի մոտավորապես 1.3 միլիոն, որից այս պահի դրությամբ վճարել է ընդամենը 350.000 դրամ: Այն գործող հանգստյան տուն է, սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն կա, որ մինչեւ տարվա վերջ կվճարի ամբողջ գումարը: Այդ գումարները տալու պարագայում մեր խնդիրները լուծվում են:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱ