ԲԼՈԳԵՐ. «ՖԵՅՍԲՈՒՔՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՀԵՏԱԳԱ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ»
2015թ. հունվարի 1-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը գործի է դնում օգտատերերի տվյալների օգտագործման նոր քաղաքականություն, ըստ որի՝ առանց օգտատիրոջ համաձայնության, նրա տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց:
Ընդ որում՝ օգտատերը համաձայն է այս պայմաններին, եթե 2015թ. հունվարի 1-ից կշարունակի օգտվել սոց. ցանցի ծառայություններից: Բլոգեր Տիգրան Քոչարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ անհագստանալու կարիք չկա, քանի որ այն, ինչ անում էր ֆեյսբուքը նախկինում անօրինական կերպով, հիմա օրինակացնում է այն. «ֆեյսբուք»-ում գրանցված օգտատերերը պետք է գրանցվելուց առաջ հասկանային, որ իրենք գրանցվելով սոցիալական որեւէ ցանցում, իրենց տվյալները տալիս են ինչ-որ մեկին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ապագայում դատական գործընթացներից իրեն ապահովագրելու համար է դիմում այս քայլին, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին փորձել են դատի տալ իրենց անձնական տվյալներն ուրիշներին փոխանցելու համար:
Սոցիալական ցանցերով հաճախ են օգտատերերը միմյանց հասցեին սպառնալիքներ հնչեցնում, իսկ հետո դրանց ջնջում սոցիալական ցանցից կամ ընդհանրապես ջնջում են իրենց տվյալները: Սակայն, ըստ Տիգրան Քոչարյանի, եթե հարկ լինի դրանց հիման վրա քրեական գործ հարուցել, ապա դժվար չէ այդ սպառնալիքները, երկխոսությունները գտնել. Եթե ապացուցվում է, որ x օգտատերն y օգտատիրոջը սոցիալական ցանցի միջոցով սպառնացել է կամ վիրավորել, y օգտատերը կարող է դիմել ոստիկանություն կամ պահանջել փոխհատուցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ