«ԵԹԵ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ ԼԻՆԵԻՆՔ ԵՎ ԱՄՐԱԳՐԵԻՆՔ, ԴԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԵՐ»Դեկտեմբերի 1-ին կլրանա 25-ամյակն այն որոշման, ըստ որի` Խորհրդային Հայաստանը վերամիավորվում է ԼՂ-ի հետ, սակայն այն դարձավ չկիրառված իրավական փաստաթուղթ եւ ոչ ավել: 25 տարի անց այս կարեւորագույն որոշման մասին 25-ամյա «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ.
-Այն ժամանակ, եթե այդ որոշմանը հետագա իրավական քայլերով` ՀՀ եւ ԼՂՀ ընդունված Սահմանադրությամբ եւ օրենքներով, անդրադարձած լինեինք եւ ամրագրեինք, թերեւս դա մեր ազգային նպատակների, իղձերի կատարման քայլը կլիներ: Հետագա պատերազմական գործողությունները եւ կարգավորման հարցում միջազգային հանրության ներգրավումը խնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման, ինչպես նաեւ դեկտեմբերի 1-ի այդ հայտնի որոշման ճակատագրի առումով բերեց այն հանգուցալուծման, ինչ ունենք այսօր: Իսկ այսօր ունենք հետեւյալը, որ միջազգային հանրությունը` հանձինս Մինսկի խմբի համանախագահների, որոնք աշխարհի հզոր պետություններն են` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, միջնորդական ջանքեր են իրականացնում կարգավիճակի եւ արցախյան խնդրի լուծման ուղղությամբ: Շատերը պնդում են, թե մենք պետք է այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչենք, բայց այս դեպքում համանախագահ երկրները եւ նրանց ղեկավարները` նախագահների մակարդակով, կարող են շատ պարզ, հստակ հարց ներկայացնել` եթե դուք միակողմանի լուծում եք այդ խնդիրը, ապա ինչի՞ համար է Մինսկի խումբն ընդհանրապես, ինչի՞ համար են Մինսկի խմբի համանախագահները, եւ ինչո՞ւ ենք մենք մեր հեղինակությամբ փորձում այդ խնդիրը կարգավորել: Չէ՞ որ բազմաթիվ հայտարարություններ են եղել համանախագահող երկրների ղեկավարներից, այսինքն` այդ մարդիկ իրենց անձնական եւ իրենց պետության հեղինակությունն են դրել այս խնդրի կարգավորման հարցում: Եթե մենք միակողմանիորեն փորձենք այդ բոլոր խնդիրներին դեմ գնալ, կարծում եմ` այնքան էլ տրամաբանական չի լինի:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն, որ 25-ամյա որոշումը թողած` ոմանք այսօր խոսում են ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
- Մենք կարող ենք ամենատարբեր օրենքներն ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ այլն, դրանից ի՞նչ կփոխվի: Ընդհանուր առմամբ` հիմա մեր եւ Ադրբեջանի միջեւ գնում է ռեսուրսների դաժան պայքար` արտաքին քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական եւ այլն: Եթե որեւէ մեկն ինձ կասի, թե մենք այսօր, եթե ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա մեր ունեցած ռեսուրսին որեւիցե ռեսուրս կավելացնի, ապա ես ճանաչման կողմնակիցն ու ջատագովը կլինեմ: Բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները մեկ ռեսուրս են: Այդ քայով հիմա մենք որեւիցե ռեսուրս չենք ավելացնի, ընդհակառակը` կզրկվենք միջազգային հանրության թեկուզեւ չեզոք բարոյական աջակցությունից, որն ամեն դեպքում մինչեւ հիմա տարածաշրջանում ապահովել է խաղաղություն: Այնպես որ, ես դա նպատակահարմար չեմ համարում:
- Այնուամենայնիվ, ինչո՞ւ 25 տարի առաջ այս որոշումը չիրագործվեց, երբ շատ ավելի նպաստավոր ժամանակաշրջան էր:
- Բոլոր դատողությունները, իրադարձությունները, որոնք հիմա կատարում ենք ե՛ւ պատմության, ե՛ւ անցած ճանապարհի վերաբերյալ, պետք է գնահատենք` ելնելով այսօրվա իրողություններից: Իսկ թե ինչ պետք է անեինք ժամանակին, ինչու չի արվել, դա արդեն պատմություն է եւ պատմաբաններինն է: Անիմաստ է, որ հիմա փորձենք քննարկել, թե ինչո՞ւ 1991-ին, 1992-ին, 1993-ին կամ 1994-ին, սա չենք արել: Բայց պետք է նշեմ, որ շատերն ասում էին, որ այն ժամանակ ավելի ձեռնտու էր եւ հեշտ էր, մենք ավելի ուժեղ էինք եւ կարող էինք ճանաչել: Միգուցե ճիշտ է, բայց անիմաստ է անդրադառնալ, թե ինչու չի արվել: Մենք ունենք այն, ինչ ունենք, եւ մեր բոլոր որոշումները պետք է հենված լինեն, բխեն այսօրվա իրադարձություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ