ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԸՆԴԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԸ»
1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որի պատմական նշանակությունը, ըստ քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, այն է, որ ինքնիշխանության հաստատման ու միավորման գործում կատարվեց լուրջ քայլ:«1989 թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը համաժողովրդական բնույթ ուներ»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը:
Դեկտեմբերի մեկի որոշումը, ըստ Մանուչարյանի, կարեւոր էր, որովհետեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին օրենսդրության մեջ մտավ մի կետ, ըստ որի` ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված որեւէ հանրապետություն, եթե դուրս է գալիս ԽՍՀՄ-ից, ապա նրա ավտոնոմ մասը կազմող պետական միավորումը (տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում ավտոնոմ կազմ էր ԼՂ-ը) իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: «ԼՂ-ը ստացավ հնարավորություն գործող օրենսդրության սահմաններում օրինական ճանապարհով դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ օրինական կերպով իրականացնի միացումն Հայաստանի հետ»,- հիշեցնում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորմանը, ըստ Մանուչարյանի, խոչընդոտում էին թե խորհրդային, թե ադրբեջանական, թե միջազգային պետական համակարգերը: «Երբ մենք գրում ենք, որ ԼՂ-ը օրինական ճանապարհով է գնացել, բայց միջազգային հանրությունն ասում է` գրողի ծոցը ձեր օրենքը, ինձ հետաքրքրում է գայլային օրենքը, սա այլ հարց է: Բայց փաստ է, որ «գայլերին» (նկատի ունի վերամիավորմանը խոչընդոտողներին-խմբ.) մենք դրեցինք ծանր վիճակի մեջ` ամեն ինչ կատարված է օրենքով, ԼՂ-ը գնացել է օրինական ճանապարհով: «Գայլերն» են այսօր փորձում դուրս գալ օրինական կատարված գործընթացի տակից»,- վերլուծում է քաղաքական գործիչը:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամը վստահ է` միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչմանը պետք է հաջորդի Հայաստանի ու Արցախի միավորումը: «Հայությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոչ թե լաց ու կոծով հանդես գա, այլ վերահաստատի իր` որպես մի ամբողջականության ապրելու իրավունքն ու վճռականությունը: Ես կարեւոր եմ համարում ոչ միայն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հռչակել Հայաստանի ու Արցախի վերամիավորման փաստը, այլեւ ապրելու մեր հաստատակամությունն ու գործնական քայլերն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ