ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆ. «ՎԵՐՋԵՐՍ ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՑԻ...
ԵՐԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ԻՆՁ»
Վերջին շրջանում հաճախ էր խոսվում, թե մեկ ու կես կինոթատրոնն արդեն չի բավականացնում ֆիլմառատ Երեւանին: «Իրավունքի» հետ զրույցում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ նույնպես փաստեց այն. «Հուսով եմ, որ կինոթատրոնների քանակը կավելանա, բայց դա չէ կարեւորը: Ցավոք սրտի, մի պահ կար, որ կորցրել էինք կինո գնալու մշակույթը, այ, հիմա վերադառնում է այդ մշակույթը` մեծ էկրանին կինո նայելու ցանկությունը: Երբ այդ ամենը նորմալ հունի գա, արդեն կինոթատրոններն էլ կաշխատեն: Ի վերջո, մենք բոլորս նույն հասարակության մարդիկ ենք եւ ապրում ենք գրեթե միանման: Ասել` թե ժողովուրդը ինչ ուզում է, դա ես տալիս, այդպես չէ, որովհետեւ ժողովուրդը կարողանում է ընտրել: Կարողանում է ընտրել նաեւ տրամադրությունը` ուզում է գնալ ծիծաղելու, լացելու, մոռանալու առօրյա հոգսերը, թե՞ ուզում է ընկղմվել այդ հոգսերի մեջ: Վերջերս ծիծաղելի արտահայտություն լսեցի մի շատ հայտնի մարդուց, երեւի վերաբերում էր ինձ, թե` հիմա ով ուզում է Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանի, Հրաչը չնկարի, Պողոսը նկարի, միեւնույնն է, հանդիսատեսը գնալու է Անդրանիկի մասին ֆիլմ նայի: Այդպես չէ բնականաբար, կուզենայի տեսնել, որ որեւէ մեկը, ուղղակի, առանց հոգի, առանց աշխատանք ու ջանք ներդնելու, ինչ-որ բան անի, եւ հանդիսատեսը ուղղակի գնա դիտի ֆիլմը, որովհետեւ այդ վերնագիրը կամ թեման հարազատ է: Չի կարելի մարդկանց զգացմուքների հետ խաղալ: Մարդն ունի ընտրության ե՛ւ իրավունք, ե՛ւ հնարավորություն եւ ինքն է իր ընտրության տերը: Ոչ մեկը ոչ մեկին զոռով ո՛չ կինոթատրոն է բերում, ո՛չ էլ հեռուստաէկրանի առջեւ» :
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ