Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՌԵՑ «ԵՌՅԱԿԻ», ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ
ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ձեռք չի քաշում ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությունից, սակայն այն ոչ թե ՀՀ նախագահի դիրքերն է խարխլում, այլ քանդում է հենց ոչ իշխանական ուժերի թվացյալ համերաշխությունը: Ն. Փաշինյանն այսօր ի լուր լրատվամիջոցների նշեց, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու ու շրջանառության մեջ է դնելու վերոնշյալ հարցը: Այն հարցին, թե ինչպես է Ն.Փաշինյանը վերաբերում ոչ իշխանական «եռյակի» անտարբերությանն այս նախագծին, երբ ամբողջական իշխանափոխության կոչերով մինչեւ վերջերս աղմկում էին տարբեր ամբիոններից, վերջինս նշեց. ««Եռյակի» դիրքորոշումը խոսուն է…»: Անդրադառնալով նրան, որ ՀԱԿ փորձագետի անունից Ն. Փաշինյանի հարազատ խմբակցությունը հայտարարություն է տարածել ընդդեմ սույն ծրագրի, բանախոսը հավելեց. «Նախ ասեմ, որ այն հայտարարությունը, որը տարածվել է Հայ Ազգային կոնգրեսի լոգոյով, դրա հեղինակը իմ մասնակցությամբ ՀԱԿ խմբակցության որեւէ նիստի ներկա չի եղել: Ասեմ, որ պատշաճ չեմ համարում քաղաքական գործիչների այն վերաբերմունքը, երբ նրանք թաքնվում են իրենցից կախվածության մեջ գտնվող անձանց թիկունքում, նրանց հետեւից ինչ-որ դիրքորոշումներ են հայտնում: Ենթադրում եմ, որ սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու համար է: Եվ երբ հարց կլինի, փաստեր կպարզաբանվեն, կասեն, գիտեք մենք այդ հայտարարությունը չենք արել, այլ արել է փորձագետի տեղակալի օգնականը եւ մենք այս հայտարարության հետ որեւէ կապ չունենք»:
Նշենք, որ փաշինյանական ծրագրի տակ ստորագրել են ընդամենը երեք պատգամավոր` ինքը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ