ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. ԿԱՄԵՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՈՐ «LIVE-2014» CD ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում տեղի ունեցավ երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մամուլի ասուլիսը` նվիրված նոր «LIVE-2014» հեղինակի թվով 14-րդ ձայնասկավառակի շնորհանդեսին և առաջիկա 07.12.14 թ. կայանալիք տարվա եզրափակիչ համերգին:
Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, ամփոփելով իր երկամյա ակումբային համերգային փուլը /մոտ 60 համերգ/, ներկայացրեց նոր ձայնասկավառակը, թեպետ այսօրվա օրերում այնքան էլ կարևոր չհամարելով դրա նշանակությունը.«Ձայնասկավառկների դարն անցել է. հիմա ամբողջը տեղափոխվել է ինտերնետ: Ձայնասկավառկներն այսօր ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունեն: Իմ պարագայում ևս, այս CD-ն հուշանվեր է, լավ հիշողություն, որն ամփոփում է իմ ակումբային երաժշտական գործունեությունը: Ասեմ նաև, որ այն հետագայում ներբեռնման համար կլինի նաև ինտերնետում: Այսօր ձայնասկավառկների արտադրությունը վերադարձել է այն նիշին, որի վրա ժամանակին Մոցարտն էր աշխատում. հրատարակում էր ըստ պահանջի`նախապես ցուցակագրելով, թե քանիսին է այն անհրաժեշտ»,-ասում Արծրունին:
Նշենք, որ ձայնԱսկավառակը ներկայացնում է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններ՝ երգեր և գործիքային պիեսներ:
Ապա խոսելով դեկտեմբերի 7-ին կայանալիք ակուստիկ հնչողությամբ, մենակատարների և լարային քառյակի մասնակցությամբ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ մասին` կոմպոզիտորը նշեց. «Այս համերգով մի քանի առիթներ են ներկայԱցվում. նախևառաջ մեր խոնարհումը երկրաշարժի զոհվածների հիշատակմանը, ապա համերգային տարվա եզրափակում: Ծրագիր, որն անցել է երաժշտական հետաքրքիր մաղով ու շատ լավ զտվել. այն ներառում է վերջին ամիսներին հնչեցրած խոշոր համերգային նախագծերից ստեղծագործություններ՝ «Կոմիտաս.վերապրում», «Համերգ ճեմասրահում» և ելույթներ փառատոներից «Ծովից ծով» փառատոն, նաև Սիմֆոռոքային հատվածներ`Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված համերգից»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ