ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. "ՀՀ ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ"Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, դաշնակցական Հրայր Կարապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման ընդունմանը: 25 տարի անց հետադարձ հայացքով անդրադառնալով դեկտեմբերի 1-ի որոշմանը` նա "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ այդ որոշմամբ ամրագրվեց` Արցախը Հայաստանի մի մասն է, ավելին` այդ որոշումը հետագայում համալրվեց այլ որոշումներով եւս:
"Կարծում եմ, այդ որոշումը ուրվագծեց Արցախի ռազմավարական ուղղությունը, հաստատեց Հայաստանի մաս լինելն ու արտահայտեց արցախահայության կամքը: Բարոյական առումով, կարծում եմ, տեղին էր նման որոշում կայացնելը: Հետագայում մարտավարական ինչ-ինչ նկատառումներ հաշվի առնելով` որոշվեց, որ Արցախը հանդես գա որպես առանձին հանրապետություն",- ասաց պրն Կարապետյանը:
Արդյո՞ք ՀՀ առաջին իշխանությունները դեկտեմբերի 1-ի որոշումն օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ` Արցախի հարցում: "Կարծում եմ` ոչ: Այն ժամանակվա իշխանությունները` հատկապես Արցախի հարցում, բազմաթիվ սխալներ են թույլ տվել` թե՛ դիվանագիտական, թե՛ այլ առումներով: Արցախի խնդիրն էր նաեւ պատճառը, որ իշխանափոխություն տեղի ունեցավ (նկատի ունի 1998-ի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու ՀՀՇ-ի հեռացումը-խմբ.)",- պատասխանում է հյուպատոսը:
Հրայր Կարապետյանի խոսքով` Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, եթե անտեսեց Արցախի խնդիրը եւ այն չհամարեց առաջնահերթ, չի կարող լինել իշխանության ղեկին: "Այսօր մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Արցախի անկախության ճանաչմանը: Կյանքը ցույց է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի եւ այն վաղ, թե ուշ ճանաչվում է միջազգային հանրության կողմից",- եզրափակեց Հրայր Կարապետյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ