ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. "ՊԵՏՔ ԷՐ ՀՌՉԱԿԵԼ ԼՂՀ-Ի
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ԽՈՍԵԼ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ"Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի` Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը` ասաց, որ թեեւ ինքը կողմնակից է եղել Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, բայց քաղաքական առումով կողմ է եղել ԼՂՀ-ի անկախության հռչակմանը: "Ես կարծում էի, որ քաղաքական առումով պետք է կատարել երկու քայլ` հռչակել ԼՂՀ-ի անկախությունը, նոր խոսել վերամիավորման մասին",- մանրամասնեց պրն Մանուկյանը:
Դեկտեմբերի 1-ի որոշումը դիվանագիտական առումով, ըստ քաղաքական գործչի, չենք կարող օգտագործել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն չունի: "Արցախի համար անկախության ուղիով գնալը կարեւոր է, քանի որ դա ընդգծում է ինքնորոշման սկզբունքը: Եթե մենք վերամիավորման ուղիով ընթանայիք, գուցե գտնվեինք ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ վերամիավորման մասին որոշում ընդունելը շուտ էր",- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ