Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՀԱԿ-ԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հերթական խոսքային փոխհրաձգությունը տեղի ունեցավ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ իր ելույթում խոսեց դրամ-դոլար փոխարժեքի տատանումների մասին` սովորության համաձայն, ամեն ինչում մեղադրելով իշխանություններին: Սակայն, իր ոճով ընդդիմությունից չառանձնացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, ով մինչ իր ելույթին անդրադառնալը, մի լավ «նխշեց» Լ. Զուրաբյանին. «Տո, այ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ի՞նչ ես հասկանում թվերից, եկել ես ստեղ ֆինանսական վերլուծությո՞ւն ես անում...»: Ճնշմանը չդիմացավ Լ. Զուրաբյանն ու լքեց դահլիճը, իսկ գործընկերոջ թասիբին մինչեւ վերջ կանգնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով տեղից աղմկելով` փորձում էր կոռեկտության կոչ անել Կ. Ավագյանին: Ի վերջո, խոսեց ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. «Խնդրում եմ բոլոր իմ գործընկերներին` պահպանել հանդարտություն: Կրքերի շիկացում չլինի, եւ բոլորս օգտագործենք պառլամենտական բառապաշար»: Ապա անդրադարձավ Ա. Մանուկյանին. «Բայց միեւնույն ժամանակ, պարոն Մանուկյան, եթե քար է նետվում, պետք է պատրաստ լինի քար նետողը հետ ստանա քարը: Դրա համար պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ