ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՝ ԵՐԿՈՒ
Այսօր ելույթ ունենալով Աժ ամբիոնից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ցույց տվեց, որ բացարձակ զրո է պատմությունից: Նա հերքեց, որ 1920 թվականի դեկտեմբերին Ալեքսանդրոպոլում ստորագրած դաշնակցական կառավարության եւ Թուրքիայի միջեւ պայմանգիրը ունեցել է խայտառակ հետեւանքներ Հայաստանի համար, որով Հայաստանի տիրապետության տակ մտնում էր շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ, Հայաստանն ամբողջությամբ դառնում էր Թուրքիայի վասալային պետություն: Հետաքրքիր է, որ Արծվիկ Մինասյանի եղբայրը՝Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր է, հայկական պատմագիտության հայտնի մասնագետներից մեկը եւ ճիշտ կլիներ, որ դաշնակցական Արծվիկը դպրոցական պատմության մի քանի դասընթացներ վերցներ հարազատ եղբորից:
Հատուկ Արծվիկ Մինասյանի համար նշենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրի երկրորդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։
Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4)։ 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղ. ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմնագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։
Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմ. միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։ Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։ 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ