ԹՈՒՐԻՆԻ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՀԱՅԿ.ՓԱԽՈՒՍՏ»-Ը ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ» ՄՐՑԱՆԱԿԻՆ
Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում տեղի է ունեցել Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին մասնակցել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը`«Հայկ.փախուստ»-ը, որն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցել են 10 ֆիլմ`ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից,Սիրիայից եւ Հայաստանից: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով`ֆիլմը հայ ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին է, որը սկզբնական շրջանում հանդիսատեսի կողմից դժվար է ընկալվել.«Շատ դժվար է 25 տարի նկարահանել ֆիլմ, 25 տարի պահպանել ուշիմությունը: Սա վերին ֆիլմը չի լինելու, կլինի չորս ֆիլմ եւ չորս տարբեր մարդիկ: Երկրորդ ֆիլմի հերոսը Լեւոնն է, երրորդը`նկարիչ Վահանը եւ վերջինը` Ռուբեն Հախվերդյանը: Սրանք այնպիսի մարդիկ են, որոնց 25 տարի հետեւել ենք եւ գնացել նրանց հետեւից աշխարհի տարբեր անկյուններ»,-նշեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ավելացրեց, որ բացի Իտալիայում շահած գլխավոր մրցանակից, Ֆիլմը ստացել է եւս երեք մրցանակ`Երկուսը «Հայակ»-ում, իսկ մեկը`Կոսովոյում: Թուրինում գլխավոր մրցանակը շահելուց զատ, ռեժիսորը պարգեւատրվել է նաեւ 5 հազար եվրոյով: Ինչպես ռեժիսորն է ասում, մրցանակը ստանալուց հետո այնքան է ոգեւորվել, որ մոռացել է գումարը վերցնել`այն շուտով կփոխանցեն ռեժիսորին:
Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի` Հարություն Խաչատրյանի ֆիլմաշարը սկսվել է «Չվող թռչուններ» ֆիլմով.«Այդ ժամանակ էր, որ Հ. Խաչատրյանը նկարահանեց ֆիլմ դատարկվող Հայաստանի մասին: Տարբեր մասնագիտության տեր անձինք հեռանում էին հայրենիքից, ահա այս մարդկանց ճակատագրով սկսեց հետաքրքրվել ռեժիսորը: Միայն այն չափորոշիչը, որ Իտալիայից ինձ զանգահարում են եւ խնդրում թույլ տալ Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրել այնտեղի ուսանողներին, որպես դասագրքային թեմա»,-փաստեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
«Հայկ.փախուստ» ֆիլմը պատմում է կրթությամբ թատերական ռեժիսորի մասին, ով ինչ-ինչ պատճառներով թողնելով հայրենիքը`ապրել ու աշխատել է այլ երկրում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի «vision du Reel» կինոփառատոնում`ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ 10 միջազգային կինոփառատոնների:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի երկրորդ ֆիլմը`«Լեւոն. Փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով`նվիրված է Լեւոն անունով մի ինժեների, որը մոնտաժի փուլում է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ