Ալմաստ Մուրադյան. « «ՔՅՈՒՆԵԹԸ» ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՂԱՆԴ Է»
«Աղանդների դերը ցանցային մարքեթինգում» թեմայի շուրջ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեցին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ եւ «Քյունեթ» ընկերության անկախ խորհրդատու, անհատ ձեռնարկատեր ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆԸ: Ինչպես նշեց Ա. Ամարյանը. «Աղանդավորական կազմակերպությունները օգտագործում են ցանցային մարքեթինգը՝ այն համապատասխանեցնելով իրենց շահերին, իսկ«Քյունեթ» ընկերությունը եւս զբաղվում է ցանցային մարքեթինգով»։ Ապա բանախոսը հավելեց, որ վերջինիս գործունեության մեջ կան խաբեության հիմքով մի շարք բողոքներ, սակայն դրանք միայն սոցիալական կայքերում են եւ անհասցե: Իսկ «Քյունեթ» ընկերության ներկայացուցիչ Ա.Վարոսյանը սկսեց արդարանալ. « «Քյունեթ» ընկերությունը չի հանդիսանում կրոնական կազմակերպություն, սակայն, ինչպես մի շարք կազմակերպություններ, այն եւս իր կազմի մեջ ներառում է աշխարհում բոլոր տեսակի կրոների ներկայացուցիչներ` ապահովվելով մի միջավայր, որտեղ ցանկացած համոզունքի տեր անձ իրավունք ունի բիզնես գործունեություն ծավալել, սակայն այն չպետք է հակասի ընկերության կանոնակարգին»: Վերոնշյալ ասուլիսին, ինչպես նաեւ բանախոսների
հնչեցրած մեղադրանքներին ու արդարացումներին անդրադարձել է «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ. «Որպեսզի այս կազմակերպությունը մոլորության մեջ չգցի մարդկանց եւ չհայտարարի, որ իրենց նկատմամբ բողոքները անհասցե են, ներկայացնում եմ լուրջ հայտարարություն` արված «Ամերիաբանկի» կողմից: Մյուս տեղեկությունները հաջորդիվ չեն ուշանա»: Այնուհետեւ մանրամասնել է. « «Քյունեթը» շատ ավելի վտանգավոր է իր ցանցով եւ ուղղվածությամբ, քան որոշ կրոնական կազմակերպություններ: Եվ կարիք չունի որեւէ կրոնական կազմակերպության հետ աշխատելու, քանի որ ինքն իրենով արդեն կոմերցիոն աղանդ է: Իսկ խարդախությամբ աշխատող բիզնես-մոդելների մասին կարող եք տեղեկանալ մի շարք նյութերից: «Ամերիաբանկը» հայտնում է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում մի շարք գրասենյակներ է բացել եւ բավականին լայնամասշտաբ գործունեություն է իրականացնում «Քյունեթ» կազմակերպությունը: Հիմք ընդունելով նշված կազմակերպության գործունեության վերաբերյալ ինչպես առաջատար արտասահմանյան երկրների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների դիրքորոշումը` կոչ ենք անում զերծ մնալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով կամ մասնակցությամբ «Քյունեթ» կազմակերպության հետ գործարար հարաբերություններ հիմնելուց կամ որեւէ գործարք կատարելուց, քանի որ վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը լի է լուրջ ֆինանսական կորուստներ կրելու ռիսկով: Ձեր կողմից գործարքի կատարումը պնդելու եւ այն փաստացի կատարելու դեպքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որեւէ պատասխանատվություն չի կարող կրել Ձեր եւ «Քյունեթ» կազմակերպության միջեւ ծագող հնարավոր դատական եւ արտադատական վեճերի համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ