Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՄԱՀԱՄԵՐՁ ԴՍՏԵՐԸ, ԱՊԱ` ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ՆՐԱ ԹԱՂՄԱՆԸ

$
0
0

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆԱԽ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՄԱՀԱՄԵՐՁ ԴՍՏԵՐԸ, ԱՊԱ` ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ՆՐԱ ԹԱՂՄԱՆԸ

 

«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է 3,5-ամյա ԻԳՈՐ ԶԱՔԻՅԱՆԻ ընտանիքի պատմությանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան անդրդվելի դիրքորոշմանը:  Հիշեցնենք, որ փոքրիկն ունի տեսողության խնդիր (աչքի խնձորակի սուբատրոֆիա ախտորոշմամբ): Հայաստանում փոքրիկ Իգորն արդեն մեկ անգամ վիրահատվել է, սակայն չի հաջողվել վերականգնել նրա տեսողությունը: Այսօր արդեն բազմաթիվ բարերարների եւ սրտացավ մարդկանց աջակցությամբ Զաքիյանների ընտանիքը հանգանակել է համապատասխան վիրահատության գումարը, որը կարող է արվել միայն Ֆրանսիայի  կլինիկաներից մեկում: Ավելին`նշանակված էր վիրահատության օրը (հոկտեմբերի 3-ին), քանի որ արդեն իսկ մեկ անգամ Իգորի հայրը` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ որդու հետ եղել են Ֆրանսիայում ու անցել համապատասխան ստուգումներ: Բայց արի ու տես, որ հերթական անգամ այս ընտանիքին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը մուտքի արտոնագիր չտվեց, թեպետ Ռ. Զաքիյանի պնդմամբ` դեսպանատանն իրենք ներկայացրել էին պահանջված բոլոր փաստաթղթերը:

Ինչեւէ, այս պատմությունը բոլորովին էլ պատահական չվերհիշեցինք, քանի որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը այս անգամ շրջանցեց քաղաքակիրթ երկրին վայել բոլոր սրբություններն ու Եվրոպայի մասին մարդասիրական ողջ նկրտումներն ու Մարդու իրավունքների մեծ պաշտանի ջատագով լինելու մասին առասպելները ի չիք դարձան: Վերջերս մամուլում տարածված տեղեկության համաձայն,  Ղազանչյանների ընտանիքը գտնվում էր անելանելի իրավիճակում, քանի որ չէր կարողանում մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, որպեսզի հասնի կրիտիկական վիճակում գտնվող աղջկան: Ընտանիքի դուստրը`ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նոյեմբերի 6-ին Ստրասբուրգի հիվանդանոց է տեղափոխվել ուշագնաց վիճակում, արհեստական շնչառության ապարատով եւ այդ օրվանից ուշքի չի եկել: Ֆրանսիացի բժիշկները օր ու գիշեր պայքարել են երիտասարդ աղջկա կյանքի համար: Նրան կոմայից հանելու համար անգամ բժիշկները  նրա երեք ամսական երեխային են ամեն օր իր մոտ բերել, լացացրել, որ գոնե երեխայի ձայնից մոր գիտակցությունը վերականգնվի: Բժիշկները պնդել են, որ շտապ պետք է Ֆրանսիա ժամանեն Ռուզաննայի ծնողները, քանի որ իրենց պրակտիկայում բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, երբ ծնողների ներկայությունից, խոսքերից ու հիվանդի հետ զրուցելուց մարդիկ կոմայից դուրս են եկել: Նույնիսկ Ֆրանսիայից  ֆաքսով դեսպանատանն է ներկայացվել Ռուզաննայի ախտորոշումը եւ բժշկի համապատասխան գրությունը. «Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանի առողջական ծանր, կրիտիկական վիճակից ելնելով՝ պահանջում ենք նրա ծնողներին»: Բնականաբար, Ռուզաննայի ծնողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացել են դեսպանատուն, բայց, ինչպես միշտ, առանց բացատրությունների (միայն նշել են, որ փաստաթղթերը պակաս էին), աշխարհին քաղաքակրթություն քարոզող, բայց իրականում հակառակն ապացուցող եվրոպական երկրի դեսպանատունը, մերժել է աղջկա ե՛ւ հորը, ե՛ւ մորը: Մինչ Ռուզաննայի ծնողները փորձում էին թակել հնարավոր բոլոր պատկան մարմինների դռները, մերժումը վերանայելու խնդրանքով ու պահանջով դիմել Ֆրանսիայի դեսպանատանը, աղջիկը մահացավ այդպես էլ վերջին հրաժեշտը չտալով ծնողներին: Սակայն, այս ընտանեկան ողբերգությունը այսքանով չի ավարտվում, ինչի մասին «Իրավունքը» պարզեց Ռուզաննայի մորաքրոջից` ԱԻԴԱ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՑ. «Իրենք այնքան դաժան էին, որ նույնիսկ մահվան ժամանակ չթողեցին ծնողներին մասնակցել իրենց երեխայի հուղարկավորությանը…»:

Մեզ մնում է միայն սթափության կոչ անել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը` հիշեցնելով, որ Ղազանչյանները, Զաքիյանները նույնպես Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրենակիցներն են: Եվ հայերի մասին լոկ խոսքերով դրական վերաբերմունք ունենալը ժամանակն է, որ գործով ապացուցվի: Այս մարդիկ, ի վերջո, խոպանչիներ չեն, այլ իրենց իսկ դառը ճակատագրի զոհերը, որոնք ստիպված են հայտնվել ֆրանսիական դեսպանատան անողոք դռների առջեւ կամ հետեւում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles