ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ
ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Հայտնի է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին միացան ընդամենը երեք պատգամավոր այն դեպքում, երբ ընդդիմությունը պահանջում էր ամբողջական իշխանափոխություն:«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ, ինչո՞ւ ամբողջական իշխանափոխություն պահանջող ԲՀԿ-ը չմիացավ Փաշինյանի նախաձեռնությանը: «Դա չաշխատող տարբերակ էր: Այդ նախաձեռնությունը թիթեռնիկի կյանք կունենար»,- ասաց պատգամավորը:
- Կարծում եք 44 ստորագրություն չէ՞ր հավաքվի:
- Դա ինչ կապ ունի: Հետո ոչինչ չէր լինի: 88 ձայն էր պետք:
- Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը իր նախաձեռնությամբ գաղտնազերծեց:
- Ոչ: Չեմ կարծում: Ժողովուրդը գիտի, թե ով ով է: Մենք ունենք մեր ծրագրերը, ինչու պետք է ինչ-որ մեկը կողքից մեզ ինչ-որ բան անի:
- Արարատ Զուրաբյանը վերջերս հայտարարեց եւ կրկնեց պարբերաբար հնչեցված այն միտքը, թե «Եռյակի» թիկունքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած:
-Շատ մարդիկ շատ բան կարող են ասել: Հիմա ուզում եք, որ ով ինչ ասում է, ես մեկնաբանե՞մ: Ես համաձայն չեմ այդ տեսակետին:
- «Եռյակի» թիկունքում Քոչարյանի ստվերն են տեսնում…
-Դե թող տեսնեն: Մարդիկ ինչ ուզում են այն են տեսնում: Քոչարյանը «եռյակի»գործընթացների հետ կապ չունի:
- Մասնակցելո՞ւ եք դեկտեմբերի տասի հանրահավաքին:
- Ոչ, քանի որ գործուղման են լինելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ