ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ՀՀ -Ը ԵՎ ԼՂ-Ը ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ»
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989 թ-ի դեկտմբերի մեկի՝ Հայաստանի ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման մասին, ասաց, որ այն հիմա էլ արդիական է: «Այդ որոշումն արդիական է նաեւ այսօր ու ճակատագրական էր այն ժամանակ նաեւ ադրբեջանահայերի համար: Այդ որոշումը հայ ժողովրդի իղձերի մարմնավորումն է»,- ասաց ադրբեջանագետը:
Պրն Այվազյանի խոսքով՝ ցավոք, այդ որոշումը մինչ այսօր կյանքի չի կոչվել. «ՀՀ-ը եւ ԼՂ-ը ուղիղ քայլերով գնում են դեպի այդ որոշման մեջ ամրագրված նպատակի իրագործմանը միջազգային օրենքներին համահունչ: Ադրբեջանը գնալով վարկաբեկվում է, իսկ Արցախն ավելի մեծ շանսերէ ստանում միջազգային առումով ճանաչվելու: Երբ Արցախը կճանաչվի միջազգային հանրության կողմից, որոշ ժամանակ անց Արցախում նորից կվերահաստատվի դեկտեմբերի մեկի որոշումը, այն է՝ ԼՂ-ը ու ՀՀ-ը մեկ միասնական մարմինն են»:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը վստահ է, որ մեր սերունդը կհասցնի տեսնել այդ որոշման կյանքի կոչվելը:
Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները դեկտեմբերի մեկի որոշմանը ուշադրություն դարձրին եւ օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ: Ժամանակին փորձ արվեց գնալու վերամիավորման ուղիով, որի համար մեծ գին վճարեց Հայաստանն ու Արցախը, նաեւ ադրբեջանահայությունը: «Բայց որոշ ժամանակ անց շեղվեցին այդ ճանապարհից՝ ՀՀ-ի իշխանությունները հետ կանգնեցին վերամիավորման որոշումից, քանի որ Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանն իբր տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ»,- մանրամասնեց պրն Այվազյանը:
Այվազյանը վստահ է՝ հիմա էլ ուշ չէ դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու, քանի որ այդն իր օրինականությունը չի կորցրել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ