«ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՍԵԼ Է ՇՈՇԱՓԵԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «Փայտյա, պղնձյա փողային եւ հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» եւ «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:
Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաեւ համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար: Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ:
Գրքի հեղինակի կարծիքով. «Փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել եւ իմաստավորվել»: Ըստ նրա երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը:
Աշխատություններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային եւ հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը: Հեղինակն իր գիտական հետազոտությունները դիտարկել է համամարդկային երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումների, համաշխարհային առաջավոր փորձի համատեքստում:
Վ. Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու եւ ազգային մշակութային զարթոնքի հետ` շնորհիվ անհատների ջանքերի ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլեւ համաշխարհային դասականների ստեղծագործությունները, նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը:
Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ռադիոյում, հեղինակել է ավելի քան 5000 ռադիոծրագիր, հրատարակել է դասագրքեր եւ մենագրություններ, դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, «Երաժշտական Հայաստան» ամսագրի պատասխանատու խմբագիրն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ