ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՊԻՏԻ ՆՈՐ ԱՐՅՈՒՆ ՆԵՐԱՐԿԵԼ ԹԱՏՐՈՆԻՆ»
Սերունդների պայքարը հավերժական է ու առավել արտահայտիչ թատերական ոլորտում: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում սերնդափոխությունը սահուն է ընթանում, այդ մասին «Իրավունքին» ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ու հավելեց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ պիտի անընդհատ երիտասարդ դերասան-դերասանուհիներ գան թատրոն, ներմուծվեն մեր ընթացիկ խաղացանկ, որ պիտի նոր արյուն ներարկել թատրոնին: Այդ բոլորն անում ենք աննկատ, առանց որեւէ մեկին ցավ պատճառելու: Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է: Մի խոսքով` թատրոններն աշխատում են, եւ ինձ դուր է գալիս, որ դահլիճներում զգալիորեն բարձրացել է նաեւ հանդիսատեսի թիվը: Իհարկե, երբեմն ավելի մեծ հաջողություն են ունենում այն կոմիկական, սատիրական ներկայացումները, որոնք ավելի շատ դրամի համար են արվում: Բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը գալիս է: Ժամանակ է պետք, որ ժողովուրդն էլ հասկանա` ներկայացում նայելուց հետո այդ օրը երեկոյան գոնե մի քիչ պիտի մտածի, բայց եթե երբեմն պատահում են թիթեռի կյանք ունեցող ներկայացումներ, դա էլ ես համարում եմ բնական, որվհետեւ հնարավոր չէ անընդհատ գտնել արժեք ունեցող պիեսներ, որոնք հիմք դառնան արժեք ունեցող ներկայացումների: Կարծում եմ` թատրոնի կապը ինստիտուտի հետ պիտի ավելի ամրացնել, ես նաեւ կուրս եմ վարում այնտեղ եւ իմ անցյալ տարվա շրջանավարտների հետ պայմանագիր ունենք ու հունվարին մեր թատրոնի փոքր դահլիճն ենք բացելու` նրանց մասնակցությամբ փոքրիկ բեմադրությամբ, որից հետո արդեն թատերական ոլորտի ներկայացուցիչ-հանդիսատեսը կորոշի, թե նրանցից ով իրավունք կունենա արդեն իջնելու մեծ բեմ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ