ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումների շարքը համալրվել է ևս մեկ տոնական միջոցառմամբ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նախաձեռնությամբ մարզից զորակոչված 64 զինծառայողներ մարզկենտրոնում հանդիպել են իրենց ծնողների հետ:
Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի վանահայր՝ Տեր Շահան քահանա Միրզոյանի օրհնության խոսքով:
Մարզպետարանում կայացած հանդիսության մասնակիցներին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նմանատիպ ձևաչափով, արդեն չորրորդ անգամ, մարզում իրականացվող միջոցառումների անհրաժեշտությանը:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի զինծառայողներն ու նրանց ծնողները:
Այնուհետև համերգային ծրագրի շրջանակներում իրենց կատարումներով զինծառայողներին ողջունել են Կոտայքի մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
Հանդիսության ավարտին ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը շնորհակալական խոսքեր է հղել մարզից զորակոչված զինծառայողների ծնողներին և փաստել, որ նրանց զավակներն իրենց նշանակալի մասնակցությունն ունեն հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում:
Կորպուսի հրամանատարի հրամանով մարզից զորակոչված լավագույն զինծառայողներն արժանացել են նաև համապատասխան խրախուսանքի:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ