ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻՆ ՄԱՐԴՈՒՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈ՞Ր Է
Այսօր քաղաքացի Սյուզի Մարգարյանը «Իրավունքին» էր դիմել կենդանաբանական այգու վերեւի մասում գտնվող իր բնակարանի խնդրով: Բանն այն է, որ 1970-ականներից այգու վերին մասում գտնվող Գյուրջյան փողոցի մի հատվածում մի խումբ քաղաքացիներ բնակելի շինություններ են կառուցել, կոմունալ վճարներ կատարել, այգի հիմնել, իսկ այսօր պարզվում է` պետք է ազատեն տարածքը:
Տիկին Մարգարյանի խոսքով` 2002 թ-ից անընդմեջ դիմել են քաղաքապետարանի. «կամ մեզ մերժել են, կամ անորոշ պատասխան տվել: 2007 թ-ից որոշակի տարածք հատկացվել է կենդանաբանական այգուն, իսկ բնակիչներիս հնարավորություն չի տրվել աճուրդով գնել հողատարածքը: Կենդանաբանական այգին փակել է մեր ելք ու մուտքի ճանապարհը, քանդել է մեր տնակը, որտղ կոնկրետ մենք ամռան երեք ամիսներին բնակվում էինք, խնամում այգին: Կենդանաբանական այգու ղեկավարի գլխավորությամբ ամեն ինչ քարուքանդ է արվում` ասելով, որ դա քաղաքապետարանն է անում»:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, ըստ Սյուզաննայի, ոչ մի ձեւով համաձայնության գալ հնարավոր չի լինում, մինչդեռ նախորդ տնօրենի հետ բնակիչները կարողանում էին լեզու գտնել. «Մեզ չէր նեղացնում, հանգիստ ելք ու մուտք ունեինք, մեր բերքից էլ բաժին էինք հանում կենդանիներին: Իսկ նոր տնօրենի հետ ոչ մի ձեւով համաձայնության չենք կարողանում գալ: Նախանցած տարի տնակներից մեկի բնակիչը վատ էր զգացել: Շտապօգնություն կանչեցինք, բայց քանի որ կենդանաբանական այգու դուռը երկար ժամանակ փակ էր, այդ մարդը մահացավ»:
Եթե Սյուզի Մարգարյանը Գյուրջյան փողոցում գտնվող իր տնակում բնակվում է միայն ամռանը, շատ ընտանիքներ 12 ամիսն էլ այդտեղ են ապրում` մշտական: «Եթե այսպես շարունակվեց, բոլորը կհայտնվեն փողոցում»,- համոզված է մեր զրուցակիցը:
Իրենց իրավունքները վերականգնելու նպատակով մոտ վեց ընտանիք դեկտեմբերի երկուսին դիմել է Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով կենդանաբանական այգուց բացել իրենց տուն տանող ելք ու մուտքի ճանապարհը: Հայցի շրջանակներում, սակայն իրենց տնակների սեփականաշնորհման խնդիրն էլ են բարձրաձայնելու: «Բայց քաղաքապետարանը մինչ օրս թույլ չի տալիս պատկան մարմիններին գեոդեզիա անել: Իսկ գեոդեզիան մեզ անհրաժեշտ է, քանի որ դատարանը պետք է հասկանա` ո՞ր տարածքի մասին է խոսքը»,- վրդովված ասաց տիկին Մարգարյանը, ապա հավելեց, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան` ընդունելության խնդրանքով, սակայն քաղաքապետարանից ոչ մի պատասխան չեն ստացել:
Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանն էլ մեզ հաղորդեց, որ բնակիչներն իրավունք չունեն այդ տարածքը զբաղեցնելու, քանի որ համայնքապատկան է: «Եթե այդ տարածքը համայնքապատկան է, ինչո՞ւ քաղաքապետարանը 2002 թ-ից սկսած` վերջնական չի մերժել բնակիչների սեփականաշնորհման թույլտվություն ստանալու դիմումները եւ չի նախազգուշացրել այդ տարածքի` նրանց կողմից ապօրինի զավթելու դա ազատելու մասին: Որովհետեւ ոչ ոք չէր կարող այն ժամանակ ասել, որ այգու ընդլայնման ու զարգացման ծրագիր կլինի: Հիմա կառուցվում են եվրոպական չափորոշիչներով ազատավանդակներ կենդանիների համար»,- պատասխանեց պրն Գեւորգյանը, ապա հիշեցրեց, որ այդտեղ բնակվողները այդ տարածքում շինություն կառուցելու թույլտվություն չունեն:
Հարցին, թե մարդկանց օթեւաններից զրկելով, սոցիալական ի՞նչ խնդիր է լուծում, ինչ է լինելու այդտեղ բնակվողների ճակատագիրը, քաղաքապետարանի ներկայացուցիչը խորհուրդ տվեց այդ եւ այլ հարցերը գրավոր ուղարկել:
Երեւանի կենդանաբանական այգու աշխատակից Եվա Մարտիրոսյանն էլ մեզ փոխանցեց, կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս պահին տեղում չէ եւ հարցերը պետք է ուղղել գրավոր: Ռուբեն Խաչատրյանին ուղղված մեր հեռախոսազանգերը եւս մնացին անպատասխան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ