"ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԷ"
ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ երեկ լրագրողներիս հարցին ի պատասխան` վերջ դրեց խորհրդարանի կողմից ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացումից հետո դեռեւս շարունակաբար քննարկվող մի շարք թեմաներին, մասնավորապես նշելով. "Մենք մեր հարեւանների հետ պատմականորեն շատ պայքարների մեջ ենք եղել եւ պետք է այսօր տարբերակենք հետեւյալը. իշխանական կառույցների մոտեցումները եւ պայքարի ընդգծված թեժացումը այլ բան է, ժողովուրդների փոխհարաբերությունները` այլ: Այս դեպքում` Եվրասիական տնտեսական միությունը բարեկամության հետեւանք չէ: Իհարկե, կարող է այդ բարեկամությունն իր ներազդեցությունն ունենալ, բայց սա ընդամենը տնտեսական գործիքների կիրառում է: Եվ մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի շահը չէ միայն, դա նաեւ Ռուսաստանի ու այն պետությունների շահն է, որոնց հետ փոխհարաբերություններ ունենք": Ապա հավելեց. "Դիվանագիտությունը մի այլ բան է, ժողովրդի իմաստնությունը, մոտեցումը` այլ բան, ժողովուրդները երբեք չեն ուզում իրար թշնամանալ, թշնամանում են ընդամենը պետությունների շահերի բախման պատճառով: Այս պահին շահերը համընկել են":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ