«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԵԶԴԻՆԵՐԻՆ
` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ, ԴԺԲԱԽՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` «Աշխարհն առանց ցեղասպանություններիե խորագրով, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ազգային փոքրամասնությունների, հայ համայնքների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Նշենք, որ խիստ բարկացած ելույթ ունեցավ Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ, իսկ թե ինչո՞ւ, «Իրավունքը» պարզեց նրանից.
- Զայրացած եմ նրա համար, որ հենց հիմա Իրաքի հյուսիսային մասում կոտորում են եզդիներին: Ո՛չ մի գերտերություն, ո՛չ մի միջազգային կազմակերպություն չի օգնում, չի օժանդակում, աչքները փակել են ու վերջ: Հիմա խոսում են ցեղասպանության մասին, բայց տաք-տաք այստեղ նստելով ու քննարկելով չէ, պետք է օժանդակել այդ ժողովրդին, մեղկ են, չէ՞: Օրական 10-15 երեխա է Իրաքում ցրտահարվում ու մահանում, մեկը չկա, որ ձայն հանի: Ես այն կարծիքին են, որ գերտերությունների նպատակն է` վերացնել եզդիներին` աշխարհի ամենահնագույն, դժբախտ ժողովրդին:
- Պարոն Թամոյան, բայց ԱՄՆ-ն աղաղակում է, թե հումանիտար օգնություն է ցուցաբերում եզդի ժողովրդին: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ամերիկան հումանիտար օգնություն մեկ-մեկ ուղարկում է, բայց զենքով-զրահով չի՛ օգնում, բանակ չի՛ ուղարկում, չի՛ ռմբակոծում այդ ստոր ահաբեկիչներին: Երեխաներին այնտեղ մորթում են, կանաց բռնաբարում են, մեր հազարավոր եզդի կանայք հիմա գերության մեջ են... Մի խոսքով` խայտառակ վիճակ է:
- Ի դեպ, Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը երեկ շրջանցելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` խոսեց հայ-թուրքական փոխհարաբերությունների վերականգնման մասին: Ավելին` առաջարկեց իրենց միջնորդական ջանքերը` հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:
- Այդ բարեկամությունը շինծու կլինի: Թուրքերն են հենց հրահրում, որ եզդիներին կոտորում են, եւ թուրքերն են այն ժամանակ ասորիներին, հրեաներին, եզդիներին կոտորել: Թուրքական քաղաքականությունն այնպիսին է, որ նրանք ուզում են ամբողջ աշխարհը մուսուլմանացնել, հենց այդ ահաբեկիչները դրա համար են: Նրանք ուզում են աշխարհն իրենց ձեռքում լինի, ուզում են քրիստոնյա ազգերին վերացնել, պետությունները վերացնել ու մի տերություն ստեղծել...
- Այս իրավիճակում հույսներս ո՞ւմ վրա պետք է դնենք:
- Մենք հույսներս դրեցինք գերտերությունների վրա, բայց իրենք ձեռքերը ծալել են ու աչքերը փակել ... Այնպես որ, Աստծո վրա ենք հույսներս դրել, Աստված պիտի օգնի, որովհետեւ օրը ցերեկով 21-րդ դարում մարդկանց խեղդում են, սպանում, բռնաբարում, գնդակահարում, ու ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Թեմայի շարունակությունը «Իրավունք Հետաքննություն» թերթի վաղվա համարում: