ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ՏՈՄՍԵՐԻ ՎՐԻՊԱԿԸ` ՍԿԱՆԴԱԼԻ ԱՌԻԹ
Համացանցում բուռն քննարկվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ամանորյա տոմսերի վրա եղած վրիպակը, որտեղ Ամանոր բառը «ո»-ի փոխարեն «օ» է տպագրվել: Այս տարի թատրոնն Ամանորին Նորա Գրիգորյանի բեմադրությամբ կներկայացնի «Մաշան եւ երեք արջերը» ներկայացումը:
«Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ չհերքեց այն` ասելով. «Ամանորյա տոմսերի վրա տպարանի կողմից տպագրված տոմսերում (որոշակի տոմսագրքերի մեջ) տեղ է գտել վրիպակ, ինչի համար թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Տեղի ունեցած վրիպակի պատճառով տոմսային տնտեսության վարիչ Գ. Սահակյանը ենթարկվել է վարչական տույժի»:
Ֆ. Դավթյանը նաեւ հավելեց, որ թատրոնը տպարանից նամակ է ստացել հետեւյալ բովանդակությամբ. «Մեր կողմից ներկայացված եւ Ձեր կողմից հաստատված տոմսերի նմուշների թվային տպագրության ժամանակ տեղի է ունեցել ծրագրային խափանում, ինչը հետեւանք է դարձել ուղղագրական սխալի` որոշակի տոմսագրքերի մեջ, որը մեր կողմից չի հայտնաբերվել: Հայցում ենք Ձեր ներողամտությունն եւ հայտնում ենք, որ պատրաստ ենք վերականգնել ամբողջ տպաքանակը կամ տպագրել նոր տոմսագրքեր»:
Ի հեճուկս շրջանառվող լուրերի` Ֆ. Դավթյանն ասաց, որ տեղի ունեցածի հետ ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կապ չունի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ