ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ ՀԱՆԵԼ»
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից` երիտթուրքական իշխանության պարագլուխներից մեկի`Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, վերջերս հյուրընկալվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամում եւ հերթական անգամ փորձել սրբագրել իր պապի ու նրա զինակիցների հանցագործությունը: Մասնավորապես, Հասան Ջեմալ կոչեցյալը «Նեմեսիս» հայ վրիժառուների խմբին որակել է որպես ահաբեկիչներ, իսկ շատ հարցեր էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպելիս թողել անպատասխան:
«Իրավունքի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով Հասան Ջեմալի`«1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչն է, ասաց, որ Հայաստանում Հասան Ջեմալի գտնվելու առթիը նրա գրքի շնորհանդեսն էր: «Ճիշտ պետք էր ներկայացնել այդ գրքի դրականն ու բացասականը, որից կարող էինք մենք օգտվել: Կարող էինք ցույց տալ, որ ոճրագործի թոռը նման էվոլյուցիա է ապրել, բայց մեր բոլոր ջանքերը տանել այդ գործընթացը ռացիոնալ ու օբյեկտիվ հունով սակայն որոշ ուժեր խոչընդոտեցին դրան»,- ասաց Մելքոնյանը:
Թուրքագետի խոսքով` գիրքը հայերեն թարգմանվել էր գիտականորեն, այսինքն` տողակատերով ու ծանուցումներով ընթերցողին որոշ փաստերի մասին տեղեկացնել: «Հրանտ Դինք» հիմնադրամը միջամտեց այս գործին, քանի որ Հասան Ջեմալը այդ հիմնադրամին էր տվել գրքի հեղինակային իրավունքները: «Հիմնադրամը որոշակի պայմաններ առաջ քաշեց նախ պնդեց, որ գիրքը տպվի Ստամբուլում, հետո իրենց խոստումը դրժեցին, ու գիրքը տպագրվեց Երեւանում: Երկրորդ` պնդեցին թարգմանության վերջնական տեքստը տան իրենց: Սրբագրումների ժամանակ դուրս բերվեցին իմ կողմից գրքում ներառված մի շարք բացատրություններ` հայկական տեսակետները արտահայտող գրություններ: Գրքում Հասան Ջեմալը գրում է, որ հայերը գրավել ու օկուպացրել են Ադրբեջանի տասը տոկոսը` Ղարաբաղը: Ես բացատրել էի, որ սա հակասում է պատմական իրողությանը: Սակայն առանց ինձ տեղյակ պահելու`«Հրանտ Դինքը» հիմնադրամը հանել է այդ բացատրությունը` պատճառաբանելով, որ այն իբր կխոչընդոտի հայ-թուրքական երկխոսությանը: Ինձ անգամ արգելեցին գրքի համար առաջաբան գրել»,- մանրամասնում է թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով` «Հրանտ Դինք» հիմնադրամը Հասան Ջեմալի գրքի ներկայացումն ու նրա հյուրընկալվելը Հայաստանում կազմակերպելու համար համագործակցել է «Սիվիլթաս» հիմնադրամի հետ: Այդ երկու հիմնադրամները ստացել են արեւմտյան գրանտսներ, որոնք ծառայեցնում են հայ-թուրքական հարաբերությունների իմիտացիա ստեղծելու համար: Այս գործընթացում ակտիվ մասնակցում են նաեւ արեւմտյան երկրների, այդ թվում նաեւ Ֆրանսիայի դեսպանատունը:
ԵՊՀ արեւելագիտության փոխդեկանի համար ցավալին այն է, որ ինքը հերթական անգամ բախվել է մեր ներքին թուրքի հետ. «Իմ դեմ պայքարում էին ոչ թե թուրքեր, այլ պոլսահայեր, «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչներ, Դինքի ընտանիքի անդամներ: Իսկ ամենամեծ հակասությունն այն է, որ ժողովրդավարություև քարոզող արեւմտյան ուժերը գրքի շնորհանդեսի ժամանակ խոսքի ազատությունը ոտնահարվեց`թույլ չտրվեց որեւէ հարց տալ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` մենք բախվում ենք մի նոր խնդրի` գրանտակերների մի մեծ բանակ փորձում է շագանակներ հանել ցեղասպանության գործընթացից»:
Մյուս ցավալի խնդիրը, ըստ Մելքոնյանի, այն է, որ Հրանտ Դինքի անունն օգտագործվում է թուրքական քարոզչություն ու նպատակներ իրագործելու համար: «Հրանտ Դինք հիմնադրամի ջանքերով հրապարակված շատ ձեռնարկներ հայանպաստ չեն, ավելին` գրանտակեր ՀԿ-ների նման գործելաոճը վտանգավոր մեսջիներ է պարունակում` Հայոց ցեղասպանության հարցը պահել բարոյական հարթության վրա եւ բավարարվել զգացմունքային հաղթանակներով: Այսինքն` ինչ-որ մեկը արտասանեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, մենք պետք է դրանով բավարարվենք: Իսկ երբ խոսքը վերաբերում է փոխհատուցմանն ու պահանջատիրությանը, դա ընկալվում է որպես ազգայնամոլություն»,- եզրափակեց Մելքոնյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ