ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
Սահմանամերձ գյուղի բնակիչներին աջակցելու եւ ուշադրության կենտրոնում պահելու համար ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հինգ տարի առաջ կենտրոնի ուսանողների եւ «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ` սկսեց իրականացնել «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրը: Ծրագիրն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնց շնորհիվ էլ ընդլայնել է իր տարածման շրջանակները: Բացի սահմանամերձ գյուղի անապահով ընտանիքներից, ծրագրի կազմակերպիչներն այցելում են նաեւ տեղի մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաեւ զորամասեր:Յուրաքանչյուրտարի`Ամանորի նախօրեին տաք հագուստների եւ սննդի կապոցներով ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներն այցելում են սահմանում բնակվող
ընտանիքներին`ոչ միայն նյութապես օգնելու, այլեւ ասելու, որ այստեղ` սահմանում նրանք միայնակ չեն:
Այս տարի ծրագիրն այցելեց Գեղարքունիքի մարզի Վահան գյուղ, որը համարվում է Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասը: ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտների միավորման եւ կապի բաժնի ղեկավար ԱԶԱ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻ խոսքով`սահմանամերձ գյուղի բնակիչները միշտ պետք է զգան եւ տեսնեն, որ իրենք միայնակ չեն. «Պետք է վերջ դնենք այն գարշելի երեւույթին, որը կոչվում է անտարբերություն: Անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք այն պարզ ճշմարտությունը, որ Երեւանն ու Հայաստանը սկսվում են սահմանամերձ գյուղից»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա.Շահազիզյանը:
Վահան գյուղից այս անգամ աջակցություն ստացան 12 ընտանիքներ. «Վահանի համայնքապետի հետ գյուղից ընտրվեցին են 12 ընտանիքներ, որոնք ստացան թե՛ հագուստ, թե՛ սնունդ: Այսպիսի այցելություններ պետք է կատարվեն ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ: Հուսով եմ` կունենանք ավելի շատ աջակիցներ եւ մեր այցելությունները հաճախակի կդարձնենք: Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ուշադրության կենտրոնում լինեն»,- ավելացրեց Ազա Շահազիզյանը:
Նախ` ծրագրի կազմակերպիչները եղան հյուսիսարեւելյան սահմանին տեղակայված ՊԲ N զորամասում` ծանոթացան զինվորների առօրյային, զրուցեցին նրանց հետ եւ զորամասի ակումբին նվիրեցին 80-ից ավելի գրականություն: Իսկ վերջում ռազմահայրենասիրական երգով հրաժեշտ տվեցին զինվորներին`բարի ծառայություն մաղթելով նրանց:
Վահան գյուղի միակ մանկապարտեզում սովորում է 43 երեխա, նրանք մայրաքաղաքից ժամանած հյուրերին դիմավորեցին իրենց ուրախ երգ ու պարով: Հյուրերն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել մանուկների համար: Հեքիաթի հերոսները մանկական ներկայացումներով ու երգերով իսկական տոնի վերածեցին նրանց օրը, իսկ վերջում ժամանեց Ձմեռ պապը` իր նվերներով: Մանկապարտեզի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին` նկատեց. «Սահմանում ապրող մարդկանց պետք է միայն ուշադրություն: Այսպիսի այցելություններն ուրախություն են պատճաում ոչ միայն մեզ, այլեւ մեր փոքրիկներին: Մայրաքաղաքում ուրիշ է, այնտեղ ամեն օր կարելի է տեսնել հեքիաթի հերոսների, իսկ մեզ մոտ փոքրիկները չունեն այդ հնարավորությունը: Չկա ավելի հրաշալի բան, քան տեսնել ժպտացող այսքան մանուկների»:
Այս տարի ծրագրին միացել են նաև Վարսահարդարման և դիմահարդարման կենտրոնի 4 աշխատակիցներ, ովքեր գյուղապետարանում նախապես պատրաստած տարածքում մոտ 2 տասնյակ գյուղացիների կարողացան օգտակար լինել իրենց մասնագիտական միջամտությամբ. «Որքան էլ կենցաղում խիտ ու առատ լինեն հոգսերը, խոհանոցային անելիքները, պետք չէ մոռանալ արտաքին գեղեցկության մասին, հատկապես, երբ առջևում Ամանորյա տոներն են, և գեղեցիկ սանրվածքներն ու կտրվածքները`անհրաժեշտություն» - նշում է թիմի ղեկավար ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ինչպես նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի նախաձեռնությամբ Վահան գյուղում ծառայող պայմանագրային զինծառայողների ընտանիքներն ստացան համակարգիչներ եւ գեղարվեստական գրականություն. «Այսօր Հայաստանի սահմանների անառիկությունը պահում են մեր զինվորները, այսպիսի յուրաքանչյուր այցելություն, զրույց, քննարկում ոգեւորում է նրանց: Գիտե՞ք, թե զինվորների համար ինչքան ոգեւորող է այն փաստը, որ իրենք սահմանում են, իսկ այստեղ` թիկունքում կանգնած են այսքան հավատարիմ ու հայրենասեր երիտասարդներ: Ուրախ եմ, որ սահմանամերձ գյուղերն այս երիտասարդների ուշադրության կենտրոնում են»,-ընդգծեց Վահան գյուղի գյուղապետ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼՅԱՆԸ:
Նշենք, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ