ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԺՎԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՅՍՕՐՎԱ ՄԹՆՈԼՈՐՏԸ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «այլընտրանքը»`ԲՀԿ-ն եւ ընդդիմությունը, բացառությամբ ՀՅԴ-ի, բոյկոտեցին արտահերթ նիստը վերջերս ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու իբրեւ որոշ ազատամարտիկների վրա հարձակումների պատճառով, որոնք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համարեց «բեսպրեդել»:
Ընդդիմության ու այլընտրանքի ներկայացուցիչներին ցանկանում ենք հիշեցնել, որ նման «բեսպրեդելների», ցավոք, ականատես ենք եղել նաեւ տարիներ առաջ, ավելի կոնկրետ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, սակայն ԱԺ նիստը բոյկոտելու նախաձեռնությամբ խորհրդարանում ներկայացված ուժերը, որոնք, ԱԺ-ի նախկին գումարումներում ընդգրկված էին, երբեւէ նման նախաձեռնությամբ հանդես չէին գալիս: Ընդ որում` «բեսպրեդելը» դրսեւորվում էր ոչ միայն պատգամավորին (1996 թ-ի սեպտեմբերի 26-ի ծեծ ու ջարդը, 2003 թվականի փետրվարի 4-ին դանակահարեցին Հայկ Բաբուխանյանին, 2004 թվականի ապրիլին Ազգային միաբանության կուսակցության պատգամավորների վրա հարձակումը), այլեւ հասարակական քաղաքական գործիչներին. (2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանվեց Պողոս Պողոսյանը), մամուլի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելով (2007-ին դաժան ծեծի էր ենթարկել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը):
«Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն «Իրավունքի» հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու նախկինում արտահերթ նիստը բոյկոտելու նախաձեռնությամբ հանդես չէին գալիս ընդդիմադիրները, ասաց. «Ես 2007թ-ին չեմ եղել ոչ ԱԺ-ում, ոչ էլ գիտեմ, թե ինչ մթնոլորտ էր տիրում: Համարում եմ, որ եթե չեն դատապարտել, սխալ են արել: Պետք է այս նույն գործընթացը լիներ: Միգուցե այն ժամանակ բոլոր մեղավորները չեն պատժվել, ձեւավորվել է այսօրվա մթնոլորտը»:
«Ժառանգություն խմբակցության պատգամավորը կարծում է, որ բոլոր վատ սովորույթները մենք պետք է փոխենք, ձեվավորենք օրենքը հարգող երկիր: «Այն սխալները, որոնք ժամանակին արվել են եւ չեն դատապարտվել, պետք է դաս լինի մեզ, որ հիմա նման սխալներ չանենք»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ