ՕԵԿ Ի ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ` ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց`ինչ պետք է քննարկեր ԱԺ-ը այսօր, երբ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց` վերջին օրերին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների վրա տեղի ունեցած հարձակման պատճառով, այն դեպքում, երբ ծեծի ենթարկված ազատամարտիկները ոստիկանություն չեն բողոքել, իսկ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկված անձը արդեն հայտնաբերվել է: «Ընդմիջմանը մենք բարձրացել ենք ԱԺ նախագահի մոտ, միասին քննարկելու արդյունքում որոշել ենք հրավիրել արտահերթ նիստ, որի ժամանակ ընդհանուր հայտարարություն պատրաստ կլինի քաղաքական ուժերի ու այս քաղաքական ինստիտուտի կողմից դատապարտելու այս երեւույթները»,- ասաց տիկին Բիշարյանը:
Հեղինե Բիշարյանին հիշեցրինք` նախկին իշխանությունների օրոք եւս եղել են բռնություններ թե՛ պատգամավորի, թե շարքային քաղաքացիների, անգամ լրատվամիջոցի ներկայացուցիչների վրա, սակայն նիստը բոյկոտելու դեպք չի արձանագրվել: «Դե համընկել է. այսօր նիստ է ու բոյկոտ է արվել: Այսօր կար այդ հնարավորությունը,որն էլ օգտագործել ենք»,- ասաց խմբակցության ղեկավարը:
-Նախկինում չկա՞ր այդ հնարավորությունը:
-Եթե դուք ուշադիր լինեք, բազմաթիվ էսպիսի բաներ են եղել: Էնպես չէ, որ չի եղել: Հայտարարություններ, քաղաքական գնահատականներ եղել են:
Հ.Գ. Տիկին Բիշարյան, խոսքը չի վերաբերում հայտարարություններին ու քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ նիստը բոյկոտելուն, որը ի տարբերություն քաղաքական գնահատականների, այլ քայլ է: Միգուցե պետք է ազնվորեն հիշել եւ ասել, որ նախորդ իշխանության, իսկ ավելի կոնկրետ Ռ. Քոչարյանի օրոք ՕԵԿ-ը ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս էր եւ բնականաբար, մինչ 2006 թ-ը, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, չէր կարող այն ժամանակվա իշխանությանը «քըխ» ասել: Կարելի է այսքանից հետո ենթադրել, որ ՕԵԿ-ը շնորհակալ է ոչ միայն ՀՀԿ-ի ղեկավարին, այլեւ Ռոբերտ Քոչարյանին, ում իշխանության տարիներին կուսակցությունը պակաս չի օգտվել իշխանական կերակրատաշտից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ