«ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ` ԿՌԻՍԻ ՆՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՐՑԵՐ
ԼՈՒԾԵԼ». ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Միանշանակ հերքում եմ այդ տեղեկատվությունը, նման բան չկա եւ չի կարող լինել: Առաջինը` ես երբեւէ Արշակ Սվազյան անունով վարորդ չեմ ունեցել, եւ երկրորդ՝ ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն իմ բնավորությունը՝ ես երկաթը տաք-տաք եմ ծեծում: Երբեւիցե թույլ չեմ տա ինձ` կռիսի նման թաքնված հարցեր լուծել, դա իրեն հարգող մարդու հարցի լուծման ձեւ չէ: Բացարձակ նման բան չկա, չեմ էլ կարողանում հասկանալ, թե ովքեր են նման տեղեկություն տարածողների պատվիրատուները: Չնայած երեւի դեմը Նոր տարի է`մի քանի կոպեկ փող են տվել, որ նման հիմարություն, իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա տարածեն: Հասկացեք` կա Ներքին գործերի համակարգ, կա ԱԱԾ, Քննչական կոմիտե, մարդիկ զբաղվում են տեղի ունեցածով, եթե նման բան լիներ, որեւէ մեկն ինձ ինչ-որ մի բան կասեր, տեղյակ պահեր: Բայց եթե նման բան չկա, ես էլ այդ դեպքից տեղեկություններ չունեմ, ինչի՞ համար են իմ անձի շուրջ նման անշնորհք տեղեկություններ տարածում, այ դա չեմ հասկանում, ամոթ է ի վերջո»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իբր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված 1973 թվականին ծնված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդն է եղել:
- Իսկ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ազատամարտիկները խառնվում են քաղաքականությանը:
- Նախ ասեմ, որ ազատամարտիկները բոլորն էլ մեր ընկերներն են, ու չեմ կարծում, որ բոլորն են էդպիսին: Հնարավոր է, մի քանի հոգի շփոթության մեջ լինեն, բայց կգա ժամանակը, ամեն բան կընկնի իր տեղը: Հիշեք` բոլոր ազատամարտիկները մեր ընկերներն են, երբեւէ այս ու այն կողմ չեն թեքվի:
- Պարոն Մովսիսյան, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն, ասել է, որ թող այնպես չանեն, որ մայդանի վերածենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս արտահայտությունը:
- Ռուստամ Գասպարյանը երեւի չի էլ հասկանում, թե մայդանն ինչ է, որովհետեւ էս երկիրը որեւէ մեկը չի կարող մայդանի վերածել, նախ պիտի հասկանան, թե դա ինչ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ